News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Մադագասկար կղզում մարդու գործունեության հետեւանքները շատ ավելի երկար կազդեն կղզու վրա, քան նախկինում ենթադրվում էր, կարծում են գիտնականները:

Ըստ հետազոտության, մարդու պատճառով տեղի ունեցած անհետացումներից հետո կղզու կենսաբազմազանության վերականգնման համար միլիոնավոր տարիներ կարող են պահանջվել։

Կղզում ապրում են բազմաթիվ հազվագյուտ կենդանիների տեսակներ, այդ թվում՝ մադագասկարյան չղջիկը՝ չղջիկների հնագույն ընտանիք, որը միայն Մադագասկարում է ապրում, գծավոր տենրեկը՝ կաթնասունների տարատեսակ խմբից, աշխարհի ամենափոքր քամելեոնը եւ կատվային լեմուրը:

Հետազոտության համաձայն՝ կղզում լեմուրների առնվազն 17 տեսակ արդեն անհետացել է, իսկ մի քանի այլ տեսակներին անհետացման վտանգ է սպառնում մարդու գործունեության պատճառով, ինչպիսիք են անտառահատումները, որսը եւ կլիմայի փոփոխությունը:

ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Մադագասկարից գիտնականները փորձել են քանակապես գնահատել, թե որքանով են մարդիկ խախտել Մադագասկարի ֆաունան եւ կանխատեսել ապագա արդյունքները՝ հավաքելով 249 ողջ եւ վերջերս անհետացած կաթնասունների տվյալների սպառիչ բազա, ներառյալ տեսակներ, որոնք անհետացել են կղզի մարդկանց առաջին անգամ ժամանելուց անմիջապես հետո, դրանցից են հսկա լեմուրները եւ գաճաճ գետաձիերը:

Ազդեցությունը շատ ավելի ուժեղ է եղել, քան սպասում էին գիտնականները, ABC News-ին ասել է Naturalis կենսաբազմազանության կենտրոնի եւ Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանի գիտնական, հետազոտության հեղինակ Լուիս Վալենտեն:

Գիտնականները պարզել են, որ Մադագասկարին 3 միլիոն տարի կպահանջվի, որպեսզի վերականգնվեն այն տեսակները, որոնք մարդու ժամանման պահից են անհետացել, եթե ընթացիկ սպառնալիքները չմեղմվեն, ասվում է հետազոտության մեջ:

Բացի այդ, վերականգնումը կարող է տեւել ավելի քան 20 միլիոն տարի, եթե ներկայումս սպառնալիքի տակ գտնվող տեսակները նույնպես անհետանան, ասում են հետազոտողները: «Մենք գիտեինք, որ Մադագասկարում կան բազմաթիվ տեսակներ, որոնց վտանգ է սպառնում, բայց չէինք սպասում, որ դրանց վերականգնման համար այդքան ժամանակ կպահանջվի»,- ասել է Վալենտեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ