News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն օգտագործում է F-16 կործանիչների հնարավոր վաճառքը որպես խայծ, որպեսզի ստիպի Անկարային վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, գրում է Bloomberg-ը։

«Վեց ամիս անց այն բանից հետո, երբ Թուրքիան համաձայնել է, որ ՆԱՏՕ-ում դաշնակիցները հրավիրեն Շվեդիային եւ Ֆինլանդիային միանալ դաշինքին, ընդլայնումը կանգ է առել, քանի որ Անկարան չի վավերացնում հայտերը:

Անցյալ շաբաթ նոր լարվածություն է սկսվել այն բանից հետո, երբ Ստոկհոլմում քրդական շարժումների հետ կապված ցուցարարները կախել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը, ինչը ստիպել է Թուրքիային էլ ավելի մեծ ճնշում գործադրել Շվեդիայի վրա, որպեսզի վերջինս հաշվեհարդար տեսնի արգելված խմբերին հետ:

Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ Էրդողանը բազմիցս ակնարկել է, որ քվեարկությունը մայիսին կարող է տեղի ունենալ, որպեսզի հավասարակշռությունից հանի ընդդիմությանը, եւ իրավիճակն ավելի անորոշ է թվում, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ի դիվանագետները վստահ են, որ այն ի վերջո կլուծվի, գուցե մինչեւ հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթաժողովը:

Մինչ այժմ ՆԱՏՕ-ի 30 անդամներից 28-ը վավերացրել են սկանդինավյան երկրների դիմումները, մնացել են Թուրքիան եւ Հունգարիան:

Շվեդիան եւ Ֆինլանդիան անդամակցության հայտը մայիսին են ներկայացրել՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Թուրքիայի ընդդիմանալն անակնկալ է եղել, քանի որ նախկինում նա առարկություն չէր ներկայացրել:

Հունիսին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը թույլ է տվել առաջընթաց գրանցել, սակայն Անկարայի դիրքորոշումը քիչ է փոխվել:

Թուրքիան ասում է, որ Շվեդիան պետք է ավելին անի մոտ 100 000 քուրդ բնակչության շրջանում ահաբեկիչներին աջակցելու եւ կասկածյալներին արտահանձնելու համար: Թեեւ Թուրքիան պահանջներ է ներկայացրել նաեւ Ֆինլանդիային, ասվում է, որ նա գոհ է Հելսինկիի համագործակցության մակարդակից:

Շվեդիան պետք է «գործողություններով, այլ ոչ միայն խոսքերով կամ հայտարարություններով ցույց տա, որ PKK-ն չի լինի, նրան թույլ չեն տա փող հավաքել կամ անդամներ հավաքագրել», ավելի վաղ հայտարարել էր նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը։

Անցյալ շաբաթ բողոքի ցույցից հետո Թուրքիան կանչել է Շվեդիայի դեսպանին, հետաքննություն սկսել եւ չեղարկել Շվեդիայի խորհրդարանի խոսնակի ծրագրած այցը Անկարա։ Շվեդիայի կառավարությունը դատապարտել է բողոքի ցույցերը՝ դրանք անվանելով «զզվելի» եւ ՆԱՏՕ-ի հայտը «սաբոտաժի ենթարկելու» փորձ։

Շվեդիայի կառավարությունն արդեն խստացրել է հակաահաբեկչական օրենքները, սակայն խոստովանել է, որ չի կարողանա բավարարել Թուրքիայի բոլոր պահանջները։

Թեեւ Շվեդիան արտաքսել է Էրդողանի կողմից հետախուզվող կասկածյալներից առնվազն մեկին, նրա կառավարությունը չի կարող չեղարկել դատարանի որոշումը արտահանձնման գործերում, երբ դատական համակարգը հրաժարվել է մեղադրյալին Անկարա ուղարկել:

Էրդողանի ազդեցության լծակները

Էրդողանի համար ազդեցությունը, որ նա այժմ ունի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի վրա, կյանքում մեկ անգամ հանդիպող պոտենցիալ քաղաքական նվեր է այն բանից հետո, երբ նա տարիներ շարունակ զգում էր, որ դաշնակիցներն անտեսում են ահաբեկչության վերաբերյալ իր մտահոգությունները:

«Նա շատ դժգոհ էր ՆԱՏՕ-ի մի շարք երկրներից, եւ ես վստահ եմ, որ նա ցանկանում էր առաջ մղել իր դիրքերը ՆԱՏՕ-ի ավելի լայն ոլորտում՝ օգտագործելով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը»,- շվեդական Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում Էրդողանի մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն:

Պահանջներ դնելն առաջին հերթին թույլ է տալիս 68-ամյա Էրդողանին ուժեղ երեւալ ընտրողների առաջ, քանի որ նա ձգտում է երկարացնել իր իշխանությունը եւս հինգ տարով:

«Էրդողանը պատանդ կպահի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը, քանի դեռ կարծում է, որ դա իրեն օգուտ կբերի»,- ասում է Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտի գիտաշխատող Միննա Ալանդերը: Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարը, հավանաբար, կշռադատում է, թե իր համար որն ավելի ձեռնտու կլինի՝ հայտերը ընտրություններից առաջ, թե հետո վավերացնելը։

ՆԱՏՕ-ի դիվանագետները զգուշավոր լավատեսությամբ կարծում են, որ ի վերջո հարցերը, ամենայն հավանականությամբ, Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կլուծվեն։ Մեկը մատնանշել է, որ ՆԱՏՕ-ի ամրապնդումը, ի վերջո, հօգուտ Թուրքիայի է, հատկապես Սեւ ծովում եւ Մերձավոր Արեւելքում:

Դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգն անցած շաբաթ կրկնել է, թե վստահ է, որ սկանդինավյան երկրների անդամակցությունը կվավերացվի։ Նա նշել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի համար այս գործընթացը, որը կարող է տարիներ տեւել, արդեն ավելի արագ է առաջ շարժվել, քան դաշինքի ժամանակակից պատմության մեջ ցանկացած այլ երկրի համար։

ԱՄՆ ռազմավարությունը

Թեեւ զարմանալի չէ, որ Էրդողանը ձգտում է հնարավորինս երկար օգտագործել իր ազդեցության լծակները, սակայն կա մի նրբություն։ ԱՄՆ-ը՝ ռազմական դաշինքի ամենահզոր երկիրը, իր հեղինակությամբ աջակցություն է տվել սկանդինավյան երկրներին: Վաշինգտոնը նաեւ օգտագործում է 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչների վաճառքը որպես խայծ, որպեսզի ստիպի Անկարային ենթարկվել։

ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային, որ Կոնգրեսը կարող է չհաստատել ինքնաթիռների վաճառքը, եթե Անկարան չվավերացնի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, հայտարարել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։ ԱՄՆ պաշտոնյաները կապում են այդ խնդիրները, սակայն Բայդենի վարչակազմը Անկարային չի ասել, որ Թուրքիան միայն հայտերը վավերացնելուց հետո կստանա ինքնաթիռները:

Հիմա Էրդողանը պետք է որոշի՝ ենթարկվի արդյոք Վաշինգտոնի ճնշմանը, եւ եթե այո, ապա երբ»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ