News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը երկուշաբթի օրը քննադատել է արեւմտյան երկրներին՝ Ուկրաինային ծանր տանկեր եւ այլ զինատեսակներ մատակարարելու համար՝ ասելով, որ զենքի մատակարարումները միայն կերկարացնեն պատերազմը, հաղորդում է AP-ն։

Միլանովիչը Խորվաթիայի մայրաքաղաքում լրագրողներին ասել է, թե «հավատալ, որ Ռուսաստանին կարելի է հաղթել սովորական պատերազմում, խելագարություն է»:

«Ես դեմ եմ այնտեղ ցանկացած մահաբեր զենք ուղարկելուն,- ասել է Միլանովիչը,- Դա երկարացնում է պատերազմը»։

«Ո՞րն է նպատակը։ Ռուսաստանի ապաինտեգրացի՞ա, իշխանափոխությո՞ւն։ Խոսակցություններ կան, որ Ռուսաստանը պետք է մասերի բաժանվի։ Դա խելագարություն է»,- հավելել է նա:

«Ո՞րն է այս պատերազմի նպատակը։ Պատերազմ միջուկային տերության դե՞մ, որը կռվում է մեկ այլ երկրում: Կա՞ արդյոք նման երկրին հաղթելու սովորական միջոց»,- տարակուսել է Միլանովիչը,- Ո՞վ է վճարում դրա գինը: Եվրոպան։ Ամերիկան ամենաքիչն է վճարում»,- ասել է նա։

«Անցել է մեկ տարի, իսկ մենք միայն հիմա ենք խոսում տանկերի մասին,- ասել է Միլանովիչը,- Մեկ տարվա ընթացքում ոչ մի ամերիկյան տանկ չի գնա Ուկրաինա։ Այնտեղ կուղարկվեն միայն գերմանական տանկեր»։

Ամիսներ տեւած տատանումներից հետո ԱՄՆ-ը հայտարարեց, որ 70 տոննա կշռող 31 մարտական Abrams տանկ կուղարկի Ուկրաինա, իսկ Գերմանիան հայտարարեց, որ կուղարկի 14 Leopard-2 տանկ եւ թույլ կտա մյուս երկրներին անել նույնը:

Միլանովիչը Ռուսաստանի աջակիցի համբավ է ձեռք բերել, ինչը նա բազմիցս հերքել է։ Սակայն վերջին ամիսներին նա բացահայտորեն դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, ինչպես նաեւ դեմ է Խորվաթիայում ուկրաինական զորքերի ուսուցմանը՝ Ուկրաինային ԵՄ աջակցության շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ