News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մալաթիայի» տոնավաճառը շաբաթ օրը՝ փետրվարի 4–ին, կվերսկսի աշխատանքը, եթե մինչեւ այդ վերացվեն այն խախտումները, որոնք նախօրեին Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանձնարարել է հրատապ կարգով վերացնել։

«Մեզ ցուցումներ են տվել, թե ինչ պետք է առաջնահերթ անենք։ Ամենավտանգավոր մասերը պետք է վերացնենք, խոսքը հրդեհավտանգ առաստաղների, բաց հոսանքների մասին է։ Իրենք ընդառաջ են գնում մեզ, որ մենք շատ կարճ ժամանակամիջոցում ավարտենք այդ աշխատանքները։ Այսօր վաղ առավոտից սկսել ենք աշխատանքները, երկու օրում պետք է հասցնենք ավարտել, որ շաբաթ օրը շուկան վերսկսի աշխատել։ Շուկայի աշխատակիցների մեծ մասն այստեղ է, մեզ օգնում են, աշխատանքների 10%-ն արդեն կատարվել է։ Վերջում տեսչական մարմինը կստուգի կատարած գործը, եւ եթե ամեն ինչ համապատասխանի պահանջներին, ապա շաբաթ օրը տոնավաճառը կվերաբացվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիայի» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է շինությունների  միջեւ 8 մետր տարածություն պահպանելու պահանջին, տոնավաճառի տնօրենն ասաց, որ այդ պահանջն առայժմ կատարել չեն կարող։

«Եթե նոր շինություն կառուցենք, այո, այդ ժամանակ պետք է այդ տարածությունը պահպանել, բայց առայժմ մենք նոր շինություն չենք կառուցում։ Եղած շինությունները, որոնք չեն համապատասխանում իրենց կողմից ներկայացված պահանջներին` ձեռք տալու կարիք կա, բայց մենք հիմա աշխատում ենք այն խնդիրներ վրա, որոնք ըստ տեսչական մարմնի՝ ամենահրատապ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն։

Տեսչական մարմնի ղեկավարը մեզ ընդառաջ գնաց, շատ շնորհակալ եմ իրենից։ Ես մտածում էի շուկան փակելու միտում կար, բայց չկա, իրենք նույնպես ցանկանում էին, որ ամեն ինչ հարթվի եւ տոնավաճառը վերսկսի աշխատանքը։ Մենք կանենք այնպես, որ ո՛չ իրենց վնաս լինի, ո՛չ էլ մեզ»,– ասաց Սամվել Ավետիսյանը։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն փետրվարի մեկից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցներն երեկ՝ փետրվարի մեկին, բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո, երեկ հայտարարեց, որ գնում են  տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։ Շուկայի սեփականատերը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։

Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել։ Այս խնդիրները վերացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

Տեսչական մարմնից այսօր նորից կայցելեն «Մալաթիայի» տոնավաճառ. առաջիկա օրերին, սակայն, շուկան չի աշխատի

Տպել
Ամենաշատ