News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ռաֆայել-Տաթեւ» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, առաջիկա օրերին չի աշխատի, քանի դեռ ամբողջությամբ չեն վերացվել շուկայում հայտնաբերված խախտումները։

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ հանդիպումից հետո՝ տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համապատասխան մասնագետներն այսօր նորից այցելելու են շուկա, հանձնարարականներ տան, որից պարզ կլինի՝ խախտումները հնարավո՞ր է կարճ ժամանակում վերացնել, թե երկար ժամանակ է պահանջվում։ 

«Տոնավաճառը փակ կլինի, ուղղումները կատարելուց հետո այն կբացվի։ Բայց չգիտեմ, թե ուղղումները որոնք են, իրենք այսօր կգան, կասեն։ Եթե դա երկար տեւի, մենք չենք համաձայնելու, եթե կարճ ժամանակում հնարավոր լինի վերացնել, ուրեմն մենք կպայմանավորվենք, իրենք կստուգեն, որից հետո կաշխատենք։ Էնտեղի խոսակցությունից եզրակացնում եմ, որ շատ մեծ աշխատանքներ չեն կատարվելու,  խնդիրները էլեկտրականության հետ կապված են, կարծում եմ՝ լուծվող խնդիրներ են, պետք է աշխատենք։ Աշխատակիցներին խնդրել եմ վաղը չգալ»,– ասաց Սամվել Ավետիսյանը՝ հավելելով, որ Մալաթիայի տոնավաճառն առաջիկա օրերին չի աշխատի։

Հիշեցնենք՝ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի  որոշմամբ՝ «Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից չի գործում։ Անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում տեսչական մարմնի արձանագրած 17 խախտումներից 12-ն են վերացվել, մյուսների համար՝ տոնավաճառի տնօրենի խոսքով՝ երկար ժամանակ է պետք։

Տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել, մինչեւ հայտնաբերված խախտումները վերացնելը։

Տոնավաճառի տնօրենը աշխատակիցներից մի քանիսի եւ տեսչական մարմնի ներկայացուցիչնեի հետ կարճ զրույցից հետո, հայտարարեց, որ գնում են  տեսչական մարմին՝ քննարկելու անելիքները։ Շուկայի սեփականատերը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել բողոքի ակցիան եւ տուն գնալ։

Տեսչական մարմնում ունեցած հանդիպման արդյունքում, ըստ պաշտոնական հաղորդագրության,  պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ այսօրվանից տոնավաճառի սեփականատերը՝ Տեսչական մարմնի մասնագետների ներգրավմամբ, հստակ եւ ինտենսիվ միջոցառումներ իրականացնի արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կարող են հրդեհի սպառնալիք լինել։ Այս խնդիրները վերացնելուց հետո միայն կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ