Կիրակի Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի են դուրս եկել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման համակարգը փոխելու՝ Չեխիայի կառավարության ծրագրերի դեմ։ Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ հատուկ վճարի վերացումն ու բյուջետային ֆինանսավորման անցումը կխաթարեն հեռուստատեսության և ռադիոյի անկախությունը և նրանց ավելի խոցելի կդարձնեն քաղաքական ճնշումների նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Ցույցն անցկացվել է Լետնա զբոսայգում՝ նոյեմբերի 17-ի՝ 1989 թվականի Թավշյա հեղափոխության հիշատակի օրվա նախօրեին։ Այդ հեղափոխությունը հանգեցրեց Չեխոսլովակիայում կոմունիստական վարչակարգի անկմանը և իշխանության ճանապարհ բացեց այլախոհ ու դրամատուրգ Վացլավ Հավելի համար։ Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ եկել էին թերթերից պատրաստված սրածայր գլխարկներով՝ ի նշան հարգանքի այն կերպարի հանդեպ, որը տասնամյակներ շարունակ հայտնվում է չեխական հեռուստատեսության մանկական հաղորդումներում։

Վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած իշխող կոալիցիան, որի կազմում են նաև ծայրահեղ աջ SPD կուսակցությունն ու եվրասկեպտիկ «Ավտոմոբիլիստներ» կուսակցությունը, պետական և մասնավոր լրատվամիջոցներին մեղադրում է կողմնակալության մեջ։ Կառավարությունը պնդում է, որ փոփոխությունները թույլ կտան նվազեցնել բնակչության ֆինանսական բեռը։
Օրինագիծը նախատեսում է վերացնել յուրաքանչյուր տնային տնտեսությունից գանձվող ամսական 205 չեխական կրոն (մոտ 9,26 դոլար) վճարը, որի հաշվին ֆինանսավորվում են հանրային հեռարձակողները։ Փաստաթուղթն անցել է նախնական քվեարկությունը և սպասում է հետագա քննարկմանը։

Նախաձեռնության քննադատներն այն համեմատում են Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականության հետ, որի օրոք ձևավորվել է կառավարությանը հավատարիմ լրատվամիջոցների լայն ցանց։
Լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում հանրային հեռարձակողների ֆինանսավորումը 15%-ով կրճատելու առաջարկը։ Մեդիա ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ, այդ դեպքում չեխական հեռուստատեսության անվանական բյուջեն կվերադառնա 2008 թվականի, իսկ ռադիոյինը՝ 2005 թվականի մակարդակին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նման կրճատումն անհամատեղելի են համարում հեռարձակողների բնականոն աշխատանքի հետ։
Նոյեմբերի սկզբին հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցներն արդեն մեկօրյա գործադուլ էին անցկացրել հավանական քաղաքական միջամտության դեմ։ Ակցիային աջակցել էին արվեստի գործիչներն ու ուսանողները։




























