News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարենի համաշխարհային գներն արդեն տասներորդ ամիսն անընդմեջ նվազում են՝ 2022 թվականի դեկտեմբերի համեմատ հունվարին դրանք նվազել են 0,8 տոկոսով։ Այս մասին ասվում է FAO-ի (ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն) ակնարկում։

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը հունվարին կազմել է 131,2 կետ, ինչը 1,1 կետով (0,8%) ցածր է դեկտեմբերյան մակարդակից։ 2022 թվականի մարտի պիկ մակարդակի համեմատ ցուցանիշը նվազել է 28,6 կետով (17,9%)։

Հացահատիկի գների ինդեքսը հունվարին գերազանցել է դեկտեմբեր ամսվա ցուցանիշը 0,1%-ով, իսկ նախորդ տարվա հունվարի ցուցանիշը՝ 4,8%-ով։ Համաշխարհային գների շարժման դինամիկան փաստորեն բազմակողմանի է. բրնձի եւ եգիպտացորենի գները բարձրացել են, գարու եւ ցորենի գները՝ նվազել։

Ցորենի միջազգային գները երրորդ ամիսն անընդմեջ նվազման միտում ունեն. հունվարին դրանք նվազել են 2,5%-ով՝ համաշխարհային շուկաներում առաջարկի ավելացման պատճառով, քանի որ Ավստրալիայում եւ Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ծավալները ավելի բարձր են եղել, քան կանխատեսվում էր, ասել են FAO-ի փորձագետները։

Բուսական յուղերի գների ինդեքսը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 2,9%-ով, տարեկան կտրվածքով` գրեթե 25%-ով։ Սա արմավենու, սոյայի եւ արեւածաղկի ձեթերի համաշխարհային գների նվազման արդյունք է։

Կաթնամթերքի գների ինդեքսը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 1,4%-ով եւ հասել վերջին 12 ամիսների ընթացքում ամենացածր մակարդակին։ Դա պայմանավորված է կարագի եւ կաթի փոշու համաշխարհային գների նվազմամբ։ Կարագի համաշխարհային գները նվազում են արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ, քանի որ շուկայում գործունեություն ծավալողները չեն ցանկանում ներկրման երկարաժամկետ պայմանագրեր կնքել ընթացիկ գներով՝ ակնկալելով, որ գները հետագա անկում կապրեն եւ կավելանան մատակարարումներն Օվկիանիայից: Ամբողջական կաթի փոշու միջազգային գները նվազել են խոշոր ներկրողների կողմից պահանջարկի նվազման եւ Նոր Զելանդիայից մատակարարումների ավելացման պատճառով: Նվազել են նաեւ յուղազերծված կաթի փոշու գները՝ հիմնականում համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով։ Միեւնույն ժամանակ, պանրի համաշխարհային գները որոշակիորեն բարձրացել են, ինչը պայմանավորված է ամանորյա տոներից հետո Արեւմտյան Եվրոպայում սննդի եւ մանրածախ առեւտրի ոլորտում գործարար ակտիվության վերականգնմամբ, ինչպես նաեւ փոխարժեքների տատանումներով։

Մսի գների ինդեքսը հունվարին 0,1%-ով ցածր է եղել դեկտեմբերյան մակարդակից։ Անկումը շարունակվում է յոթերորդ ամիսն անընդմեջ, սակայն այս ցուցանիշի արժեքը դեռ 1,3%-ով բարձր է նախորդ տարվա համեմատ։

Շաքարավազի գնի ինդեքսը հունվարին 1,1%-ով ցածր է եղել դեկտեմբերի համեմատ։ Սա առաջին անկումն է նախորդ երկու ամիսների կտրուկ աճից հետո։ Այն հիմնականում պայմանավորված է Թաիլանդում առկա լավ բերքով եւ Բրազիլիայում շաքարեղեգի աճեցման հիմնական տարածքներում բարենպաստ եղանակային պայմաններով: Այնուամենայնիվ, Հնդկաստանում բերքի ցածր հեռանկարների հետ կապված մտահոգությունները եւ արտահանման առաջարկի հնարավոր կրճատումը թույլ չեն տվել շաքարավազի գների հետագա անկում գրանցել:

ՊԳԿ պարենային ապրանքների գների ինդեքսը միջինացված ցուցանիշ է՝ պայմանավորված պարենային ապրանքների հինգ հիմնական խմբերի միջազգային գների շարժով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ