News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար ճանապարհը բաց է, սահմանը՝ ազատ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Վերջին օրերին Վրաստանի՝ Գուդաուրի-Կոբի հատվածում ակտիվ ձյուն էր տեղում: Բարդ եղանակային պայմանների պատճառով ինտենսիվ կերպով իրականացվում էին ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Տեղում մոբիլիզացվել էին ձնամաքրման տեխնիկաներ, ավտոճանապարհներին շարունակաբար թափվում էր տեխնիկական աղ, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի երթևեկությունը։ Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած ձյան և մերկասառույցի պատճառով  արգելվում էր կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը սակայն ազատ էր։ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը իրականացվում էր միայն հակաձնահոսքի թունելներով»,- ներկայացրեց Վահան Հակոբյանը։

Նա նշեց, որ բեռնատարների վարորդները սովորաբար նախապես տեղեկանում են ճանապարհների վիճակի մասին և կարող են պլանավորել իրենց ճանապարհը այնպես, որ չարգելափակվեն ձնաբքերի գոտիներում, այլ տեղակայվեն հատուկ բեռնատարների համար նախատեսված կայանատեղիներում:

Հարցին՝ բեռնատարների հերթերի սակավությունն ինչո՞վ է պայմանավորված, մաքսային կցորդն ասաց. «2022թ. նոյեմբերի վերջից գործարկվեց 4-րդ ռենտգեն սարքավորումը, ինչը թույլ տվեց զգալիորեն մեծացնել սահմանային կետի թողունակությունը դեպի Ռուսաստան, հասցնելով այդ ցուցանիշը օրական 450-500 բեռնատարի: Ձմռան ամիսներին՝ կախված եղանակային պայմաններով, սահմանակետի ծանրաբեռնվածությունը ավելի ցածր է լինում քան մյուս ամիսներին, սակայն արդեն մարտ ամսից սպասվում է հոսքի զգալի աճ»,- ասաց Հակոբյանը:

Նա ասաց, որ այս պահին դեպի Ռուսաստան թողունակությունը կազմում է 450-500 բեռնատար, իսկ դեպի Վրաստան՝ 600-700 բեռնատար:

«Գլոբալ առումով այս պահին մեքենաները չունեն անցանելիության խնդիր։ Կոբիի մոտ թեթև խցանում կա, ինչը պայմանավորված է մեքենաների՝ դանդաղ ընթացքով»,- հավելեց Վահան Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ