News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ուկրաինայում հակամարտության ելքից, հակամարտության առնվազն ակտիվ փուլից շատ բան է կախված Եվրասիայում, այդ թվում՝ Հարավկովկասյան տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, Երեւանում տեսակապի միջոցով կայացած «Հայաստանը եւ Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ դիմակայությունը. 2022 թվականի արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ ասել է ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, արտաքին պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ եւ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի նախկին տնօրեն Դմիտրի Տրենինը։

«Ռուսաստանի հաղթանակը, որին, անկեղծ ասած, ես սպասում եմ եւ կարծում եմ, որ Ռուսաստանն ունի ռեսուրսներ, ունի այդ հաղթանակի կամքը, որ Ռուսաստանի համար խաղադրույքներն ավելի բարձր են, քան Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի երկրների համար, եւ այդ պատճառով նա շատ ավելի մեծ հնարավորություններ ունի  հաղթելու։ 

Հավանաբար բարձր գին կպահանջվի։ Այն այսօր արդեն բարձր է, բայց ակնհայտ է, որ այն ավելի բարձր կլինի այն պահին, երբ ես ակնկալում եմ, որ Ռուսաստանը կհաղթի եւ կհասնի իր ռազմավարական նպատակներին:

Այդ դեպքում, կարծում եմ, իրավիճակը Եվրասիայում ավելի կայուն կլինի»,-նշել է նա։ 

Դմիտրի Տրենինի կարծիքով՝ դա Ռուսաստանի համար շատ հնարավորություններ կստեղծի հանդես գալու որպես համակարգաստեղծ տերություն, որը կարգուկանոն է ապահովում Եվրասիայի զգալի մասում։

«Իսկ եթե դա տեղի չունենա ի հեճուկս իմ սպասումների, ապա ես կարծում եմ, որ մեզ սպասում են նոր հակամարտություններ, անկայունություն, այդ թվում՝ անկայունություն Հարավային Կովկասում։ Եվ որոշ հակամարտություններ, որոնք այսօր խլացված են, թեեւ վերջնականապես չեն լուծվել, ես նկատի ունեմ աբխազական կամ վրաց-աբխազական, վրաց-օսական հակամարտությունը, այդ հակամարտությունները կարող են շարժման մեջ դրվել»,-նշել է նա։  

Ռուս փորձագետի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը, ըստ էության, ռուս-ուկրաինական հակամարտություն չէ. դա հակամարտություն է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ։  

Քաղաքագետի խոսքով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հակամարտությունն այսպես թե այնպես լուծում գտնի, ռուս-արեւմտյան հարաբերությունները կմնան առճակատման հարաբերություններ, քանի որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սկզբունքային հակամարտությունն այդ կերպ չի լուծվի:

«Պայմանականորեն ասած, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը հավակնում է ինքնուրույն պաշտպանել եւ առաջ տանել իր ազգային շահերն այնպես, ինչպես անհրաժեշտ է համարում այն դեպքում, երբ Արեւմուտքի դիրքորոշումն այն է, որ Ռուսաստանը պետք է հետեւի այն կանոններին, որոնք սահմանվում եւ ժամանակ առ ժամանակ փոփոխվում են հենց Արեւմուտքի կողմից: Այսինքն՝ Ռուսաստանը, որպես «սառը» պատերազմը տանուլ տված երկիր, Արեւմուտքի կարծիքով, պետք է ամբողջությամբ շարունակի խմել այն բաժակից, որն ինքն իրեն մատուցել է 90-ականների սկզբին»,-ընդգծել է նա։

Դմիտրի Տրենինի կարծիքով՝ Արեւմուտքի հետ հակամարտությունը կարող է տեւել մեկուկես-երկու տասնամյակ, գուցե ավելի շատ, մինչեւ ինչ-որ հավասարակշռություն, ինչ-որ նոր նորմ ձեռք բերվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ