
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Նանտում եւ Ռենում, բախումներ են տեղի ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ, հայտնում է ֆրանսիական RFI ռադիոն։
Հաղորդվում է, որ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։
Ոստիկանությունը հայտարարել է Փարիզում 17 մարդու ձերբակալության մասին։ Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել՝ հրկիզվել են աղբամաններ, ջարդվել են Mc'Donalds ռեստորանների ճակատային մասերը։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ֆրանսիայի ողջ տարածքում բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 750 000 մարդ, որից 57 000-ը՝ Փարիզում։ Արհմիութենական կազմակերպիչները ողջ երկրում մարդկանց մասնակցությունը գրեթե 2 միլիոն են գնահատել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում երեքշաբթի համազգային գործադուլների երրորդ ալիքն է բարձրացել՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված նախագահ Էմանուել Մակրոնի պլանների։
Ֆրանսիայի կառավարությունը որոշել է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։
Ֆրանսիացիները ներկայումս ավելի վաղ են թոշակի անցնում, քան ՏՀԶԿ երկրների (Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն - խմբ.) բոլոր քաղաքացիները։