News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում արդեն համարակալվել է շուրջ 350 հազար խոշոր եղջերավոր կենդանի՝ ընդհանուր գլխաքանակի մոտ 70%-ը։

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։

Կարևորելով հանրային կարծիքն ու բարձր իրազեկվածությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների դերը հանրությանը գրագետ տեղեկատվության փոխանցման գործում՝ ծրագրի շրջանակում կազմակերպվեց «Մեդիան՝ հանուն գյուղատնտեսության զարգացման» խորագրով դասընթացը, որը հնարավորություն ընձեռեց 2 տասնյակից ավելի լրագրողների ոչ ֆորմալ միջավայրում մանրամասն ծանոթանալու ԽԵԿ համարակալման և հաշվառման գործընթացին, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, պետական և միջազգային այլ նախաձեռնություններին։

«ԽԵԿ համարակալում և հաշվառում» ծրագիրն անասնաբուծության ոլորտի հենասյուներից է՝ համոզված է ՀՀ Էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Փոխնախարարը նշեց՝ գյուղատնտեսության զարգացման գործում մեծ է տեղեկատվության տրամադրման և ճիշտ մատուցման կարևորությունը․ «Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Ես այսօր եկել եմ ընդգծելու բոլոր բաղադրիչները, որոնք կարևոր են ոլորտը ճիշտ ներկայացնելու համար։ Կարևոր է, որ կարողանանք տեղեկությունը ճիշտ մատուցել ֆերմերին, գյուղացուն, տարբեր լայն շրջանակների։ Հենց այստեղ է ընդգծվում ձեր պրոֆեսիոնալիզմի կարևորությունը՝ կարողանալ տեղեկությունը ներկայացնել այնպես, որ ընկալելի լինի բոլորի համար։ Այս հարցում մենք պատրաստ ենք մշտապես աջակցել ձեզ»։

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապեռն իր խոսքում ընդգծեց, որ Ավստրիայի և Հայաստանի համագործակցությունն այս ոլորտում բարձր մակարդակի է հասել. «Մենք հպարտ ենք, որ այս նոր «Անի Պաս» համակարգն աշխատում է։ Սա մեր հաջող համագործակցության արդյունքն է։ Համակարգի նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2018 թվականից։ Հաշվառված կենդանիների թիվը Հայաստանում արդեն բավականին տպավորիչ է, ինչը լուրջ հաջողության մասին է վկայում»։

Ծրագիրը նախապատրաստական երկար փուլից հետո գործարկվեց 2022 թվականին։ Ծրագրի շրջանակում խոշոր եղջերավոր յուրաքանչյուր կենդանու ականջին ամրացվում է ականջապիտակ՝ հերթական համարով։ Այն չի կրկնվում և նախատեսված է կենդանու ողջ կյանքի համար։ Հերթական համարն իր մեջ պարունակում է կենդանու մասին ողջ ինֆորմացիան՝ տարիք, սեռ, արված պատվաստումների մասին տեղեկություն, կենդանատիրոջ մասին տվյալներ և այլն։ Ականջապիտակի ամրացումից հետո բոլոր տվյալները մուտքագրվում են «Անի Պաս» համակարգ՝ ստեղծվում է տվյալների բազա, ինչը ՀՀ կառավարության գերակա նպատակներից է՝ կենդանիների առողջության, սննդի անվտանգության, անասնաբուծության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքը։

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը վստահ է՝ ծրագիրը լուծելու է մի շարք խնդիրներ․ «Այս համակարգն ուղղված է բրուցելոզի, տուբերկուլոզի և նմանատիպ այլ հիվանդությունների կանխարգելմանը։ Առանց այս համակարգի հնարավոր չէ կառավարել և կանխարգելել հիվանդությունների տարածումը։ Առանց այս համակարգի չենք կարող պատկերացնել նաև, թե ինչպես ենք հետագայում նպաստելու տնտեսվարողների եկամուտների աճին։ Առանց այս համակարգի տոհմային գործի մասին խոսելն ավելորդ է»։

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց նախորդող ամիսների ընթացքում կատարված աշխատանքը՝ 350 հազար համարակալված և 260 հազարից ավելի հաշվառված կենդանի․ այս թիվն օրեցօր աճում է։ «Մեծ պլաններ կան անասնաբույժների և համարակալողների աշխատանքի հետ կապված։ Առաջիկայում նրանց մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ կիրականացվեն»։

Քննարկումից հետո լրագրողները հնարավորություն ունեցան այցելել խելացի անասնաֆերմա, տեղում ծանոթանալ դրա առանձնահատկություններին, զրուցել ֆերմերների հետ։ Այդպիսի անասնաֆերմաների թիվը ՀՀ-ում հասնում է 49-ի։

Հանդիպման եզրահանգումը մեկն էր՝ գյուղատնտեսությունը պետք է վերածվի մշակույթի, իսկ դրանում մեծ է լրագրողների պրոֆեսիոնալիզմի և տեղեկատվության դերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ