News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Դանիայի նախկին պաշտպանության նախարարը, ով հրապարակայնորեն պնդում էր, որ երկրի գաղտնի ծառայությունն ԱՄՆ հետախուզությանը օգնել է լրտեսել մի քանի եվրոպացի առաջնորդների, երեքշաբթի ասել է, որ իրեն մեղադրում են պետական ​​գաղտնիքները հրապարակելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Դանիայի դատախազությունը հայտնել է, որ երկրի արդարադատության նախարարը համաձայնել է մեղադրանք առաջադրելու առաջարկությանը՝ «պետության համար կարեւոր գաղտնիքները բացահայտելու կամ փոխանցելու համար»:

«Գործը պարունակում է խիստ գաղտնի տեղեկատվություն, որը չի կարող հրապարակվել», - ասվում է դատախազ Յակոբ Բերգեր Նիլսենի տարածած հայտարարության տեքստում․ «Հակառակ հանրային մեծ շահագրգռվածությանը, ըստ դատախազության, հետախուզական ծառայության աշխատանքն ակնհայտորեն ավելի լուրջ մոտեցում է պահանջում։

Հանրային հեռարձակող DR-ը եւ այլ լրատվամիջոցներ կասկածյալին անվանել են Կլաուս Հյորտ Ֆրեդերիկսեն․ 75-ամյա պաշտպանության նախկին նախարարը, ով անցյալ տարի թոշակի է անցել: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան իր գրառմամբ հաստատել է այս տեղեկությունը։

2020 եւ 2021 թվականներին մի քանի հարցազրույցներում Հյորտ Ֆրեդերիկսենը պնդում էր, որ Դանիայի պաշտպանության հետախուզական ծառայությունը, որը պատասխանատու է արտասահմանյան գործունեության համար, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը օգնել է՝ գաղտնալսել Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի եւ Նորվեգիայի առաջնորդներին, այդ թվում՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ իրեն նախնական մեղադրանք է առաջադրվել՝ ԱՄՆ-ի հետ գաղտնի մալուխային համագործակցության համար:

2022 թվականին կառավարությունը օրենսդիրներին խնդրել է Հյորտ Ֆրեդերիկսենին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մեծամասնությունը դեմ է եղել, քանի որ հայտնի չէր, թե ինչում են նրան կասկածում։

Հյորտ Ֆրեդերիկսենը պաշտպանության նախարար է եղել 2016 թվականի նոյեմբերից մինչեւ 2019 թվականի հունիսը, իսկ նախկինում եղել է Ֆինանսների եւ զբաղվածության նախարար։ Նա երկար տարիներ եղել է Լիբերալ կուսակցության բարձրաստիճան անդամ, իսկ նոյեմբերին լքել է խորհրդարանը եւ անցել թոշակի։

Դատավարության օրը դեռեւս նշանակված չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ