News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատել է երկրի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը։ Այդ նպատակների համար նախատեսվում է հատկացնել մոտ 35 մլն դոլար, որը կուղղվի արտադրողականությունը 1,8 անգամ բարձրացնելուն։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ նախկինում տեքստիլ արդյունաբերությունը Հայաստանում շատ զարգացած է եղել։ Խորհրդային տարիներին կար շուրջ 200 ձեռնարկություն, որոնք արտադրում էին հագուստ, վարագույր, համազգեստ եւ այլ ապրանքներ։

«Հիմա մնացել է մոտ 40 նման ձեռնարկություն, այսինքն՝ 5 անգամ պակաս, թեեւ վերջին տարիներին նման ձեռնարկությունների թիվն ավելացել է։ Մի քանի տարի առաջ ոլորտում արտադրության ծավալն ընդամենը մի քանի միլիոն դոլար էր»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փորձագետը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, հագուստի արտահանումը գերազանցել է 200 մլն դոլարը։ Արտադրանքի հիմնական մասը, ինչպես պարզաբանեց Մակարյանը, արտահանվում է Ռուսաստան, Եվրոպա եւ նույնիսկ ԱՄՆ։

Նա ասաց, որ ապրանքների բարձր որակի շնորհիվ հայկական արտադրանքը, որը պատրաստվում է արտասահմանից պատվերով, մրցունակ է։ Բացի այդ, ձեռնարկությունները բաշխված են ըստ մարզերի՝ նույն Գյումրիում, Վանաձորում, Կոտայքի մարզում եւ, իհարկե, Երեւանում։ Սա նույնպես կարեւոր նշանակություն ունի մարզերի հավասարաչափ զարգացման տեսանկյունից։ Փորձագետը կարեւոր է համարում ներկրվող հումքից կախվածության նվազեցումը։

Ոլորտի զարգացումը դրականորեն կանդրադառնա երկրի արտահանման ներուժի վրա. պետության կողմից աջակցության ավելացումը, կադրերի պատրաստումը եւ համալրումը կարող են կրկնապատկել այդ ծավալները։ Բացի այդ, դա թույլ կտա ստեղծել հազարավոր աշխատատեղեր հատկապես կանանց շրջանում եւ կվերականգնի հին ավանդույթները։ Խոսքը ամբողջ ոլորտում 15-20 հազար աշխատատեղի մասին է։ Պաշտոնական տվյալներով՝ հագուստի արտադրությունը 2020-2022 թվականներին ապահովել է շուրջ 11 500 աշխատատեղ։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ