News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ Մելիք-Ազարյանցի տանը, որը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, սկսվել են  նախնական վերականգնողական աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել է Silk Development ընկերությունը. ներկա պահին ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելու պողոտայի պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս, տեղեկացրել է «Новости- Грузия»-ն։

Մելիք-Ազարյանցի բազմահարկ վաճառատունը կառուցվել է անցած դարի սկզբին, ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։ Այն ժամանակվա համար այն շքեղ էր ոչ միայն իր արտաքին տեսքով (ուներ սեփական էլեկտրամատակարարում, կոյուղի, ջեռուցում, պատկերասրահ եւ տարաշխարհիկ բույսերով այգի, կինոթատրոն եւ ֆոտոսրահ, բազմաթիվ այլ հարմարություններ)։ Խորհրդային ժամանակներում Թբիլիսիի կենտրոնում գտնվող տունը վերածվել էր հսկա կոմունալ բնակարանի։

Silk Road խումբը 2007-ից սկսել է գնել բնակարանները բնակիչներից, այժմ ընկերությանն է պատկանում ընդհանուր մակերեսի 80 տոկոսը։ Մնացած տարածքը պատկանում է առանձին բնակարանատերերին եւ կոմերցիոն կազմակերպություններին։

Silk Development-ը տեղեկացրել է, որ ավարտել է ստորգետնյա հարկերի նախապատրաստումը՝ կենցաղային թափոններն այստեղ կուտակվել են տասնամյակներ, դրանք փաստորեն վերածվել են աղբավայրի։

Տան ստորգետնյա տարածքը՝ 2 000 քառակուսի մետր մակերեսով, զբաղեցնում է երկու հարկ։ Սյուներով, կամարներով եւ բարձր առաստաղներով շինությունը կարգի բերելու համար ծախսվել է 200 000 լարի։

Աշխատանքները հնարավորություն են տվել գնահատել տարածքի ընդհանուր վիճակը, որտեղ անհնար էր հասնել աղբի պատճառով։ Ծրագիր կա ամրացնել հիմքը եւ շենքի կառուցվածքային մասը, ինչից հետո նախատեսվում է վերականգնել նրա նախնական տեսքը, ճակատամասը, զարդանախշերը եւ դեկորը, քանդել անօրինական կառույցները շենքի հետնամասում եւ վերականգնել ավանդական փայտե պատշգամբները, որոնք տուժել են 2015թ. հրդեհից։

Այս փուլում ժամանակավորապես ամրացվել են ստորին հարկերը եւ վերին հարկերի բազմանկյունները։ Ստուգվում են դրենաժի համակարգերը, գնահատվում է կոյուղու վնասված խողովակների վիճակը, ինչի պատճառով տարիներ շարունակ վնասվել է շենքի հիմքը։

Շենքի վերականգնման վերջնական նախագիծը եւ նրա արտաքին տեսքի պահպանումը կհամաձայնեցվեն Թբիլիսիի քաղաքապետարանի հետ, նշվել է մամուլի համար արված հաղորդագրությունում։

Ալեքսանդր Մելիք-Աղազարյանցը XIX դարի  - XX դարի սկզբի խոշոր բիզնեսմեն է, գործարար եւ մարդասեր, ծնվել է 1847թ. Թբիլիսիում։

Մելիք-Ազարյանցը շատ հարուստ էր, ուներ պղնձի հանքեր եւ նավթավերամշակող գործարաններ, նավթի հանքեր Բաքվում, քարհանքեր, առաջին քարհատ գործարանը, Վաճառատուն ներկայիս Ռուսթավելու պողոտայում եւ երկու տուն Սուլխան-Սաբայի եւ Լերմոնտովի փողոցներում։

Ռուսթավելու պողոտայի նրա տունը տխուր պատմություն ունի։ Իր նախագծով եւ ենթակառուցվածքով ժամանակից առաջ անցած մասշտաբային նոր նախագծի մեջ խորասուզվելով՝ վաճառականը փորձում էր մեղմել դուստրերից մեկի մահվան ցավը։

Վաճառատունը սկսել են կառուցել 1912թ., եւ կառուցել են երեք տարի։ Մինչեւ տան կառուցումը դրա տեղում աղբավայր էր եւ զորանոցներ։ Ռելիեֆը բավական բարդ էր՝ ստորգետնյա ջրերով, ուստի շենքը խոր հիմքի կարիք ուներ, որի համար օգտագործվել է կապար։

Ի հիշատակ դստեր՝ վաճառականը կարգադրել է տունը զարդարել քարե զարդանախշերով, իսկ վերին հարկի պատուհանների բացվածքվները կառուցված են արցունքի ձեւով։

Քաղաքային լեգենդներից մեկը վկայում է. հիմքը փորելու ժամանակ Մելիք-Ազարյանցի ունեւոր ընկերները փոսի մեջ փող եւ թանկարժեք իրեր են նետել։

Մելիք-Ազարյանցը խորհրդայնացումից հետո չի հեռացել Վրաստանից։ Վրաստանի՝ անցյալի երբեմնի ամենահարուստ բնակիչներից մեկը մահացել է Թբիլիսիում 1923թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ