Ադրբեջանը ահաբեկչական գործողություններով ցանկանում է պարտադրել իր օրակարգը, խաղաղության պայմանագրի իրեն ձեռնտու տարբերակը եւ ազատվել Արցախում ապրող հայերից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանի արարքը պատերազմական լուրջ գործողություն էր, որը եռակողմ պայմանավորվածության խախտում էր։ Նման գործողությունները պետք է իրական ուշադրության արժանանան միջազգային հանրության կողմից, որովհետեւ ահաբեկչությունը կարող է դառնալ սովորական երեւույթ արդեն բոլոր երկրների համար։ Իրենք երկու տարուց ավելի նման քայլերի են դիմում խուճապ տարածելու համար եւ տեսնում են, որ հաջողության չեն հասել ու հիմա այլ նպատակ ունեն՝ սպանել, ոչնչացնել, պատերազմի գնալ եւ այդ պատերազմով լուծել բոլոր քաղաքական խնդիրները։ Կարծում եմ՝ հիմա Ադրբեջանի հեռուն գնացող նպատակը պատերազմի հրահրումն է եւ նաեւ Հայաստանը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորի կարծիքով՝ Լաչինի փակման հետեւանքով Արցախում առաջացած ճգնաժամը ոչ թե հումանիտար է, այլ քաղաքական։ Այն պետք է լուծվի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձեւաչափով։

«Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ իր համար ոչինչ են նոյեմբերի 9- ի փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ սա ապացուցելու կարիք էլ չկա՝ մենք շատ պարզ լսում ենք Ադրբեջանի ծրագրերի մասին՝ ութ գյուղեր, Զանգեզուրի միջանցք եւ այլն»,- ասաց Հակոբյանը։

Հիեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել եւ կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Թշնամու գործողությունների հետեւանքով զոհվել են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:

Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։ Վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է՝ թույլ դրական դինամիկայով։

Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ծառայողը վերակենդանացման բաժանմունքում է