News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում կան պետական մարմիններ, որոնք լիազորված են կայացնել համապատասխան որոշումներ՝ օրենսդրության հիման վրա: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարված մարդկանց մասին հարցին:

Նշենք, որ լրագրողը նաև առաջարկեց հրապարակել ամբողջական ցանկ` այն մարդկանց անուններով, որոնց արգելված է Հայաստան մուտք գործել, որտեղ նաև նշված կլինեն այդ որոշման պատճառները։

«Սա հարցի իրավական մասը, իսկ եթե ավելի գլոբալ, ապա Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ։ Հայաստանն իրավունք ունի նաեւ իր ինքնիշխան գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար։

Ասում եք՝ այսինչ մարդը բավականին հայամետ է: Եթե որեւէ մեկն ասում է՝ Հայաստանի կառավարությունը միջանցք է խոստացել, թող տա: Ասում էին՝ մենք գիտենք, որ խոստացել է, հարյուր տոկոսով: Այդ մարդիկ պարտավոր են Հայաստանի նկատմամբ ունենալ հարգանք, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։

Դուք ասում եք՝ որոշ մարդիկ չեն կարողանում Հայաստան մուտք գործել, տարբեր երկրների քաղաքացիներ կան: Եթե նրանք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների նկատմամբ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»,– շեշտեց Փաշինյանը։

Հիշեցնենք` օրերս ռուս լրագրող և հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան։ 2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։

Հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին:

Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ