News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր ոչ վաղ անցյալի պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձը տեղի ունեցավ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարություններին ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ ստիպված է անդրադառնալ բանակցային գործընթացին՝ նախ ներկայացնելով, թե ինչ էր իրենից ենթադրում «Ընդհանուր պետությունը», որի գաղափարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերին  առաջարկվել էր 1998 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովի  ակտիվ ջանքերով։

«Այդ տարբերակի իմաստն այն էր, որ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը պետք է կազմեին ընդհանուր պետություն: Ի տարաբերություն փաթեթային ձեւակերպման, թե ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում, ընդհանուր պետության տարբերակում ասվում էր, որ ԼՂ-ն հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում է եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ղարաբաղը միաժամանակ ունենալու էր սեփական Սահմանադրությունը, կառավարման մարմինները,  դրոշը, զինանշանն ու օրհներգը, հայերենը լինելու էր  հիմնկան պաշտոնական լեզուն:Արցախը պետք է ունենար կամավորության սկզբունքով անվտանգության եւ ոստիկանական ուժեր, որ չէին կարող գործել Արցախից դուրս: Ադրբեջանի բանակն ու անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չէին ունենալու մուտք գործել Արցախի Հանրապետություն: Ինչպես նախորդ տարբերակներում, այս դեպքում եւս հայկական ուժերը պետք է դուրս բերվեին ԼՂ հարակից տարածքներից, բացառությամբ Լաչինի շրջանի:  Փաստաթղթում նշվում էր, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի,  հայերը՝ Շահումյան:

Ադրբեջանն  ընդհանուր պետության գաղափարը մերժում է, Հեյդար Ալիևը 2001  թ. փետրվարին Ադրբեջանի խորհրդարանում ասում է՝ Ադրբեջանում  մի ասացվածք կա. սա ավելի սև է, քան սևը,  համեմատած նախկին առաջարկների հետ՝ դա միայն ու միայն վնաս է Ադրբեջանին»,- հայտարարեց Գեղամ Նազարյանը։

Ինչ վերաբերում է  Քիվեսթյան տարբերակին, ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց այլևս չխեղաթյուրել պատմությունը, ընդամենն առաջարկ է եղել ԼՂ-ն Լաչինի շրջանի հետ միասին միացնել Հայաստանին, իսկ փոխարենը  Մեղրիի  ենթաշրջանով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, որը  լինելու էր թունելների և էստակադաների տեսքով, որևէ կերպ չէր հատվելու  այդ թվում Իրան-Հայաստան ճանապարհին, այլ կերպ ասած՝ Մեղրիի շրջանն ամբողջությամբ  մնալու էր ՀՀ կազմում։

«Դե հիմա համեմատեք՝ այս տարբերակներն ու այսօրվա վիճակը»,- ասաց Նազարյանը։

Նա նաև նշեց. «Ի դեպ, եթե 44-օրյա պատերազմի պարտության պատճառը լիներ կոռուպցիան, մենք վաղուց պետք է ազատագրած լինեինք նաև Ապշերոնի թերակղզին։ Իհարկե, կոռուպցիան, գողությունը շատ վատ բան է, ամեն ինչ պետք է անել, որ այն չլինի, բայց ասել, որ մեր պարտության պատճառը Հովիկ Աբրահամյանի տունն է, սխալ է։ Իսկ ամենատարօրինակն այն է, որ  նրանք, ովքեր խոսում են այդ տնից, նմանատիպ տներից, չգիտես ինչու, չեն ասում, թե այդ դեպքում ինչու են այսօր համառ ջանքեր գործադրում այդ տներին տեր կանգնելու համար և թե ինչու ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշված է, որ Հայաստանը շարունակում է  կոռուպցիոն ավանդույթները»:

Տպել
Ամենաշատ