Հայկական օդանավերի համար Թուրքիան շարունակում է փակ պահել իր օդային տարածքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց FlyOne ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Նա նշեց, որ թուրքական արգելքի պատճառով մայիսի 2-ին չեղարկված Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի 80 ուղեւորների կեսը ստացել են փոխհատուցում, մյուսներին ավիաընկերությունը կփորձի փոխադրել Փարիզ։ 

Հիշեցնենք, որ Թուրքիան առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանն ավելի վաղ տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։ Մայիսի 2-ին էլ թուրքական արգելքի պատճառով չեղարկվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթը։

Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով երրորդ երկիր գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 «Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք պարագլուխների սպանությունները կազմակերպած «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված աղբյուր-հուշակոթողը բացվել է ապրիլի 25-ին, Երեւանի սրտում՝  Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում։

Թուրքական արգելքի հետեւանքով Երեւան– Փարիզ–Երեւան չվերթը չեղարկվել է