News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ,  այսօր՝ մայիսի 5-ին, կազմակերպել էր Աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի 80 առաջատար գործատուներ՝ նախարարություններ, բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, հյուրեր, որոնք շրջեցին տաղավարներով, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մասնակիցների հետ։

«Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդումը ցանկացած ձևաչափով կարևոր է. նախ՝ մեր կրթական ծրագրերի գործնական կողմը զարգացնելու, ապա նաև՝ աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու տեսանկյունից։ Մենք տարբեր ձևաչափերով իրականացնում ենք այս կապի ամրապնդումը։

Մասնավորապես, գործատու գործընկերների հետ ավելի քան 200 համագործակցության հուշագիր ենք ստորագրել, ինչը թույլ է տալիս ուսանողների փորձառությունը կազմակերպել այդ ընկերություններում, միաժամանակ՝ օգնել մեր գործընկերներին կադրերի ընտրության հարցում և դրանով նպաստել ուսանողների ինտեգրմանը աշխատաշուկային»,- նշել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է ստեղծում, որ գործատուների բազմազան առաջարկներից ուսանողներն ընտրեն իրենց նախասիրություններին, կարողություններին, անձնային որակներին համապատասխան աշխատանք։

ՀՀ պետական և մասնավոր հատվածի խոշորագույն ընկերություններն աննախադեպ հնարավորություն ունեցան խորհրդատվություն տրամադրելու թափուր աշխատատեղերի մասին, կազմակերպության համալրման համար կադրային բազա հավաքագրելու, իսկ աշխատանք փնտրողները՝ հանդիպելու և գործնական կապեր հաստատելու գործատուի հետ, ընդգրկվելու թափուր աշխատատեղերի հավակնորդների ցանկում։

Տոնավաճառից հետո կայացավ «ՀՊՏՀ. աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին հանրապետության առաջատար կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները և քննարկեցին աշխատաշուկայում առկա հիմնախնդիրները։

155 (2).jpg (49 KB)

366 (1).jpg (57 KB)

366 (2).jpg (66 KB)

Տպել
Ամենաշատ