News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոշտ պահանջներով դիմել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: Ե՛վ ձեւով, ե՛ւ էությամբ դրանք ավելի շուտ վերջնագիր են հիշեցնում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը․

«Դիտարկենք իրադարձությունների ընդհանուր սյուժեն եւ դրանց սիմվոլիկան։ Մայիսի 28-ը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում պատմական կարեւոր ամսաթիվ է։ 105 տարի առաջ ադրբեջանական եւ հայկական ազգային շարժման առաջնորդները հռչակեցին առաջին ազգային պետությունները՝ հանրապետությունները, որոնք փաստացի առաջին օրվանից պայքար մղեցին իրենց հողերի համար։ Կովկասի խորհրդայնացումը համընկել է այդ տարածաշրջանում «գլխավոր սահմանազատման» ժամանակահատվածի հետ։ Սակայն «պերեստրոյկայի» սկսվելուն պես «հողային հարցը» կրկին սրվեց։

Եվ առ այսօր այն լուծված չէ, որքան էլ «դիրքորոշումների մերձեցում» արձանագրեն միջնորդները հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում։ Մայիսի 28-ին Հայաստանում հիշում են Սարդարապատի ճակատամարտի հերոսներին, երբ 105 տարի առաջ դադարեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի հայկական տարածք: Ադրբեջանում տոնում են անկախության օրը, ներկայիս պետությունը համարվում է «առաջին հանրապետության» իրավահաջորդը: Այդ օրը Իլհամ Ալիեւն այցելել է Լաչին (ավելորդ է բացատրել այդ բնակավայրի հատուկ նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում)։ Այնտեղ նա փաստացի առաջ է քաշել իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Ալիեւի խոսքով՝ անջատողականության ու իրրեդենտիզմի («միացում»-ի գաղափարը, այսինքն՝ Հայաստանը չճանաչված ԼՂՀ-ի հետ միավորելը) վերջը եկել է։ Եվ Ղարաբաղի իշխանություններին նա խորհուրդ է տվել «աղբամանը նետել կեղծ  պետական ատրիբուտները եւ ցրել խորհրդարանը»։ Խոսքն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի պահանջների մասին է։ Ալիեւը կարծում է, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, որոնք նա որակել է որպես «արդար»։

Մինչդեռ խոսքը միայն աշխարհաքաղաքական սիմվոլիզմի մասին չէ։ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ ուժի եւ կոշտ հռետորաբանության է դիմում դիվանագիտական բանակցությունների հերթական փուլից առաջ կամ անմիջապես հետո։ Ահա եւ հիմա նրա ղարաբաղյան վերջնագիրը հնչեց Մոսկվայում բարձր մակարդակի բանակցություններից հետո եւ Քիշնեւում եվրոպական քաղաքական հանրության խորհրդակցության նախաշեմին։ «Կարմիր գծերը» հետ են քաշվում, տեղի է ունենում հակառակորդի եւ միջնորդների դիրքերի շոշափում։ Եվ դա արդյունք է տալիս: Բաքուն եւ Երեւանն այսօր տարբեր կերպ են զգում ժամանակի ընթացքը։ Ադրբեջանը շտապում է եւ չի ցանկանում 5 կամ 10 տարի սպասել հակամարտության վերջնական կարգավորմանը, մինչդեռ Հայաստանը, ընդհանուր առմամբ, շտապելու տեղ չունի։ Ռեւանշի ռեսուրս չկա, իսկ նոր զիջումները, ինչպես կարծում են Երեւանում, կարող են եւ սպասել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ