News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Մայր Հայաստան» շարժման ամենակարեւոր նպատակն իշխանափոխության հասնելն է, քանի որ այն ներկա գործընթացները կասեցնելու եւ երկիրը փրկելու հնարավորություն կստեղծի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո կստեղծվի ժամանակավոր կառավարություն, եւ մեկ տարի անց կլինեն ընտրություններ։

«Ժամանակավոր կառավարության նշանակված վարչապետն ընտրություններին որեւէ կերպ չի մասնակցելու։ Սա հնարավորություն է լինելու ժամանակ շահելու երկրի համար, վերականգնել սուբյեկտայնությունը եւ փոխել արտաքին եւ ներքին քաղաքականությունը»,- ասաց նա։

Աղաջանյանի խոսքով՝ թյուր է կարծիքը, որ խաղաղության պայմանագրի ժամկետը մոտ է, եւ այլեւս փրկության ճանապարհ չկա։ Ըստ նրա՝ նման թեզը տարածվում  է իշխանության կողմից՝ մարդկանց մոտ անզորություն եւ անելանելիության զգացում ստեղծելու նպատակով: 

«Հիմա ընթացող գործողությունները կարող էին ավարտված լինել արդեն 2021 թվականի սկզբին, եթե չլիներ «Հայրենիքի փրկության շարժումը», որը կասեցրեց այդ հանձնումները, որոնք այսօր պետք է լինեն։ Հանրային անհամաձայնությունը կարողանում է կասեցնել այս իշխանության հանձնառությունները։ Ցանկացած շարժում, որը կարող է հանրային ընդզվման բերել, կարող է գործընթացներ կասեցնել։ Պատվիրատուներն էլ լավ հասկանում են, որ եթե հանրությունը չհամաձյանեց, ծրագրերը չեն գործի»,- նշեց Աղաջանյանը։

Ձյունիկ Աղաջանյանը կարծում է՝ նախորդ շարժումները վերջնական հաջողություն չեն ունեցել, որովհետեւ անդամներն ունեցել են կուսակցական պատկանելիություն եւ շահարկվել է «նախկին-ներկա», նոր բնորոշմամբ՝ կեղծ թեզ։

«Այս շարժման մեջ չկան կուսակցական անձինք, այլ միայն անհատներ։ Այս շարժման անդամները հավակնություն չունեն իշխանության գալու, նրանք փորձում են ուղղակի լոկոմոտիվը լինել հանրության պահանջի։ Հանրային աջակցություն չունենալու դեպքում իշխանությունը հեռանալուց բացի այլ ելք չի ունենալու։ Եթե ամբողջ հանրությունը մեկ մարդու նման արտահայտվի, ակնհայտ կլինի, որ ներկայիս քաղաքականությունը կյանքի չի կարող կոչվել»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ստեղծվել է մայիսի 28-ին: Շարժման կազմում հասարակական-քաղաքական գործիչներ են:

Տպել
Ամենաշատ