
Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (ՉԺՆՀԺ) Մշտական կոմիտեի փոխնախագահ Դին Չժունլին ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի կառավարության հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հատուկ ներկայացուցիչ եւ խորհրդարանի փոխնախագահ Դին Չժունլին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունիսի 3-ին Անկարայում»,- տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր աղբյուրը Անկարայի քաղաքական շրջանակներում, Էրդողանը շաբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 14.00-ին մոտ կգա խորհրդարան, որտեղ երդում կտա։ Ժամը 15.00-ին նա կայցելի Քեմալ Աթաթուրքի դամբարան, որտեղից կմեկնի Բեշթեփեի նախագահական համալիր, որտեղ կընդունի օտարերկրյա ներկայացուցիչներին, որոնք Թուրքիայում կլինեն երդմնակալության առիթով։ Այստեղ էլ նրանց պատվին կտրվի ընթրիք, եւ ժամը 22.00-ին մոտ կհրապարակի նոր կառավարության կազմը։
Թուրքիայի ԿԸՀ-ն հունիսի 1-ին հրապարակել է նախագահի ընտրությունների մայիսի 28-ին կայացած երկրորդ փուլի վերջնական արդյունքները։ Էրդողանը ճանաչվել է վերընտրված նախագահ ձայների 52,18 տոկոսով, նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարպղլուն, ստացել է 47,82 տոկոս ձայն։