
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել երկրի պետական պարտքի շեմի բարձրացման մասին։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նախագահի ստորագրած 2023 թվականի ֆինանսական պատասխանատվության մասին օրենքը կասեցնում է պետական պարտքի սահմանաչափի գործողությունը մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը եւ ավելացնում սահմանաչափը 2025 թվականի հունվարի 2-ից՝ կասեցման ժամանակահատվածում թողարկված պարտավորությունների կատարման համար:
Բացի այդ, օրենքը սահմանում է ծախսերի նոր հայեցողական սահմաններ, ընդլայնում է անհատական դաշնային ծրագրերի աշխատանքի պահանջները, փոփոխում է բնապահպանական փորձաքննության գործընթացները, վերացնում է դաշնային ուսանողական վարկերի վճարումների կասեցումը եւ այլ միջոցառումներ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի ղեկավարներին՝ այդ փաստաթուղթն ընդունելու հարցում համագործակցության համար:
Նշենք, որ անցած շաբաթ Բայդենը սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել օրենսդիրների հետ, որը թույլ կտա խուսափել երկրում դեֆոլտից: