
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում որոշեց «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ սա հնարավորություն կտա «Քվանտ» վարժարանին 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում շարունակել «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» (IB DP Programme) ծրագիրը՝ անգլերենով՝ 3 տարի ժամկետով:
«Քվանտ» վարժարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» (IB DP Programme) ծրագիրը (ՄԲԴԾ) իրականացվում է 2011 թվականից՝ ՀՀ կառավարության որոշման և Միջազգային բակալավրիատի կողմից ստացված հավաստագրի հիման վրա: «Քվանտ» վարժարանը օտար լեզվով Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով (IB DP Programme) սկսել է աշխատել 2011 թվականի սեպտեմբերից:
Այդ ընթացքում վարժարանը տվել է ՄԲ ծրագրով կրթություն ստացած 151 շրջանավարտ։
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով վարժարանում կրթություն են ստացել տարբեր երկրների շուրջ 40 քաղաքացիներ (Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Լեհաստան, Լիտվա, Բելառուս եւ այլն), որոնցից 8-ը՝ այլազգի, ինչը հնարավորություն է տալիս մայրենի լեզվի ոչ բավարար իմացությամբ հայ երիտասարդներին ավագ դպրոցն ավարտել հայրենիքում՝ ստանալով միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն:
ՀՀ կառավարության ներկայիս քաղաքականությամբ պայմանավորված, կանխատեսվում է Սփյուռքի հայ ընտանիքների ներհոսք։ Ավագ դպրոցում երեխաների կրթությունն ապահովելու հնարավորությունը կնպաստի ընտանիքների հայրենիք տեղափոխվելու որոշմանը։
Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։
«Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: