
Եգիպտոսում մահացած ռուսաստանցու՝ Վլադիմիր Պոպովի հայրը շնաձկան հարձակումից հետո պատմել է, որ լողափը, որտեղ նա որդու հետ հանգստանում էր, անվտանգ էր, դժբախտությունը պատահել է հաշված րոպեների ընթացքում։
«Գնացինք լողափ հանգստանալու։ Տղայիս վրա շնաձուկ հարձակվեց, ամեն ինչ տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում. սա լիովին անհեթեթ հանգամանքների զուգադիպություն էր, քանի որ սա անվտանգ լողափ է»,- Յուրի Վլադիմիրովիչի խոսքը մեջբերում է Telegram 112 ալիքը։
Մահացածի հայրը պատմել է, որ նախկինում նման բան այնտեղ չի եղել, շուրջը նավեր ու զբոսանավեր են եղել։ Շնաձկները սովորաբար հարձակվում են վայրի լողափերում, նշել է նա։
Յուրի Վլադիմիրովիչը պատմել է, որ ողբերգության պահին մոտակայքում զբոսաշրջիկներ են լողացել, սակայն որդուն օգնելն արդեն անհնար է եղել։
«Այդ մսաղացը տեղի է ունեցել 20 վայրկյանում, նրան պարզապես քաշել են ջրի տակ»,- ասաց նա։
Հայրը պատմել է, որ ծրագրում է դիակիզել որդու մարմինը ու մոխիրը տանել Ռուսաստան։
Հուրգադայում բռնել են Ռուսաստանի քաղաքացու վրա հարձակված շնաձկանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը։
«Եգիպտական Հուրգադայում ռուսաստանցու վրա հարձակված շնաձկանը բռել են»,- ասել է աղբյուրը։ Ծովային գիշատիչը հանգստացողի վրա հարձակվել է հինգշաբթի Dream Beach-ի մոտ։
Եգիպտոսի իշխանություններն արգելել են լողալ Կարմիր ծովի ափի այն հատվածներում, որտեղ հինգշաբթի շնաձկան հարձակման հետեւանքով ռուսաստանցի է մահացել։ Այս հրամանն ընդունել է Եգիպտոսի շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։