
Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը եւ Ղրղզստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության զարգացման ինստիտուտների կոնսորցիումին միանալու մասին։ Միավորումը ստեղծվում է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) համակարգման ներքո:
ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշեւան փետրվարի 9-ին գործակալության վերահսկիչ խորհրդի նիստում զեկուցել է, որ ՌՆԳ-ն եւ ԵԱՏՄ երկրներում աշխատող նմանատիպ կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվել են կոնսորցիումի եւ միջազգային հարթակի ստեղծման շուրջ՝ միասնական չափանիշներով, փորձով եւ նախագծերով: Սվետլանա Չուպշեւայի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է նմանատիպ պայմանագրեր ստորագրել Բելառուսի եւ Տաջիկստանի զարգացման ինստիտուտների հետ։ «Մենք պատրաստ ենք կիսել լավագույն գործելակերպերը, որոնք հաջողությամբ գործում են Ռուսաստանում եւ ունեն բարեկամ երկրներում «վայրէջք կատարելու» ներուժ: Դրանք ներառում են Ներդրումային միջավայրի վիճակի ազգային վարկանիշը, Կյանքի որակի վարկանիշը, «Եռման կետ» կոլեկտիվ աշխատանքի տարածքները, «Սմարտեկա» կայուն զարգացման գործելակերպերի փոխանակման հարթակը»,-ասել է նա։