News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անարդար մոտեցում է դրսեւորում`  ՀՅԴ-ի փակումը պատճառաբանելով միայն քրեական գործի դրվագներով եւ շրջանցելով խնդրի քաղաքական մասը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ն 1994թ. փակվել է ահաբեկչական «Դրո» կառույցի եւ «31»-ի գործի պատճառով, եւ ձերբակալվածներին քաղբանտարկյալ անվանել չի կարելի:

«Ցավոք, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի անդրադարձել խնդրի քաղաքական մասին, կոնկրետ կուսակցության փակման իրողությանը, որը տեղի է ունեցել հենց իր կողմից եւ անդրադարձել է քրեական գործի մի դրվագի: Կարծում եմ` դա անարդար մոտեցում է, եւ կարծես թե ավանդույթ դարձած մոտեցում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար»,- նշեց  Հրայր Կարապետյանը եւ հավելեց. «Ընդամենը պետք էր հիշել, որ դատական գործերը առիթ էին քաղաքական հաշվեհարդար տեսնելու ՀՅԴ-ի հետ, որն այն ժամանակ հիմնական քաղաքական ուժն էր, եւ նրա շուրջ համախմբվել էին գործող բոլոր ուժերը:

1995թ. սպասվում էին խորհրդարանական ընտրություններ եւ 1995-ից առաջ այս կամ այն քաղաքական մեղադրանքներով փակել ՀՅԴ-ն, կասեցնել նրա գործունեությունը պարզ քաղաքական հաշվեհարդար էր: Առավել եւս որ դա ուղեկցվեց կուսակցական գրասենյակների փակումով, թալանով եւ կուսակցական թերթերի փակումով: Դա մեծ հարված էր անկախ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին»: Ըստ դաշնակցական պատգամավորի` այդ որոշումը «մինչեւ հիմա էլ պետք է իր արժանի գնահատականը ստանա»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել էր, որ դաշնակցականներից մի քանիսը դեռ անազատության մեջ են, ինչը վկայում է իր խոսքերի ճշմարտացիությունը: Այս կապակցությամբ Հրայր Կարապետյանը նշեց. «Նա անդրադառնում է երկու ձերբակալվածների, մոռանալով, որ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, կուսակցական ղեկավարներ: Սա միտումնավոր ձեւով շրջանցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերին, Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ հանդես եկավ հեռուստատեսությամբ, խոսելով «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին, որից անմիջապես հետո կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը, փակվեցին 12 անուն լրատվամիջոցներ: Հետագայում, 1997-ին նույնպես Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք վերականգնվեց ՀՅԴ-ի գործունեության իրավունքը, երբ որոշակի կանոնադրական փոփոխություններ կատարվեցին ՀՅԴ-ում:

Ինչ վերաբերում է «31-ի գործին», որով անցնում էին ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, նաեւ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, նրանք մեղադրվում էին իշխանությունը բռնի տապալելու ծրագրեր մշակելու, այդ թվում սպանություններ կազմակերպելու մեջ: Նշենք, որ «31-ի գործով» դատապարտյալներից Վահան Հովհաննիսյանը եւ ես մի քանիսը ազատ արձակվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, բայց ոչ թե արդարացման, այլ «իրավիճակի փոփոխության» հիմնավորմամբ:

Տպել
Ամենաշատ