News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Գրենլանդիայի սառցե գլխարկների էվոլյուցիան ցույց է տալիս, որ դրանք ավելի կանաչ անցյալ են ունեցել, քան կարծում էին նախկինում, եւ ունեն անորոշ ապագա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ առանց հետագա գլոբալ ջերմացման հնարավոր է, որ դրանք զգալիորեն ավելի շատ հալվեն։ Այս իրավիճակը կունենա գլոբալ հետեւանքներ, ներառյալ ծովի մակարդակի բարձրացումը։ Այս մասին գրել է «Новая наука»-ն։

Վերջերս մի քանի համալսարանների եւ միջազգային լաբորատորիաների հետազոտողներ, ներառյալ Վերմոնթի համալսարանի եւ Յութայի համալսարանի (USU) հետազոտողները, ուսումնասիրել են այդ շրջանի կլիմայական պատմությունը Camp Century-ի տվյալների հիման վրա։ Նրանք հայտնաբերել են, որ անցյալում այստեղ նկատվել են սառույցների հալվելու շրջաններ, մասնավորապես, 400 հազար տարի առաջ։ Այս շրջանը չափազանց զգայուն է։ Անգամ եթե գլոբալ ջերմացումը կանգ առնի, գրենլանդական սառցե վահանի զգալի մասը կարող է հալվել։ Դա կհանգեցնի ծովի մակարդակի զգալի բարձրացման, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ ողջ աշխարհի մերձափնյա շրջանների համար։ Հետազոտողների աշխատանքը հրապարակվել է Science ամսագրում։

Նստվածքները վերցվել են Century ճամբարից (կայան Գրենլանդիայի հյուսիս-արեւմուտքում, որն արտասովոր ռազմական պատմություն ունի սառը պատերազմի ժամանակներից)։ 1966թ. նրա բունկերը եւ ստորգետնյա թունելները լքվել են ուժեղ մրրիկների եւ անկայուն սառցե իրավիճակի հետ կապված։ Այդ նստվածքները մնացել են այստեղ տասնամյակներ եւ նորից հայտնաբերվել են վերջերս։ Սառցի ցիլինդրիկ նմուշը թույլ է տալիս գիտնականներին ուսումնասիրել սառցի շերտերը եւ նստվածքային ապարները, որոնք կուտակվել են հազարամյակների ընթացքում։ Յուրաքանչյուր շերտը տարածաշրջանի կլիմայական պատմության որոշակի տարի կամ շրջան է ներկայացնում, ինչպես ծառի բնի շրջանակները։ Ուսումնասիրելով սառցե նստվածքները՝ հետազոտողները կարողացել են պարզել, որ հյուսիսարեւմտյան Գրենլանդիան ունեցել է անսառույց շրջան 11-րդ ծովային իզոտոպային փուլում։ Այն ժամանակ արկտիկական կղզին անհամեմատ ավելի կանաչ է եղել։ Այս հայտնագործությունը հսկայական նշանակություն ունի, քանի որ կասկածի տակ է դնում պատկերացումը Գրենլանդիայի կլիմայական անցյալի մասին։ Գրենլանդիայի սառցե վահանը մոլորակի մաքուր ջրի ամենամեծ պաշարներից է։ Եթե այն ամբողջությամբ հալվի, ծովի մակարդակը կբարձրանա ավելի քան 7 մետրով։ Անգամ մասնակի հալվելը կարող է հանգեցնել ծովի մակարդակի զգալի բարձրացման, ինչը սպառնալիք կստեղծի մերձափնյա քաղաքների եւ կղզիների համար ամբողջ աշխարհում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ