News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում գիտության ոլորտին առնչվող միջոցառումներ և շարժեր են նկատվում, որոնք առաջին հայացքից գիտնականների համար մեծապես անհասկանալի են։ Այս մասին Sevan Startup Summit 2023 -ի ընթացքում «Գիտուժ» նախաձեռնության պանելային քննարկոմանը հայտարարեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Հովակիմ Զաքարյանը։

«Անհասկանալի են, որովհետեւ այդ որոշումների մեծ մասը գիտնականների հետ չեն քննարկվում։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ որոշումը կայացվել է, և հետո ինչ–որ առանձին մանրուքների հարցերի շուրջ, միգուցե գան և ասեն՝ եկեք միասին քննարկենք», – ասաց նա։ 

Դրա ամենավառ օրինակն, ըստ Հովակիմ Զաքարյանի, «ակադեմիական քաղաք» նախագիծն է, ըստ որի՝ գիտահետազոտական ինստիտուտները պետք է միավորվեն համալսարանների հետ։

Գիտնականին անհասկանալի է այդ որոշման հիմնավորումը, այն է՝  կբարելավվի համալսարանների կրթական բաղադրիչը։ Ըստ նրա՝ եղած ինստիտուտների ակտիվ գիտնականներն արդեն իսկ դասախոսում են գործող համալսարաններում, իսկ դրանց լավագույն ուսանողները գիտական հետազոտություններ են կատարում այդ գիտահետազոտական ինստիտուտների լաբորատորիաներում։

«Հետևաբար ֆորմալ առումով եթե, օրինակ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը մաս կազմի ԵՊՀ–ին, ինչո՞վ է ԵՊՀ–ի կյանքը դրանից լավանալու, բացի ռեյտինգում 100 դիրք առաջադիմելուց, ինձ համար մնում է անհասկանալի։ Եվ որևէ մեկը մեզ մինչև հիմա դա չի բացատրել», - ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ գուցե ճիշտ ճանապարհը նոր, հետազոտական համալսարաններ ստեղծե՞լն է։ 

Ըստ Հովակիմ Զաքարյանի՝ գիտնականների հետ չի քննարկվել նաև որոշումն, ըստ որի, պարզվում է, 2027 թվականից այլեւս որեւէ գիտական կառույց ֆինանսավորում չի ստանա, եթե մաս չկազմի խոշորացված համալսարանի։

«Սա փաստ է, որի առջեւ կանգնեցնում են գիտնականներին, Ակադեմիային իր տասնյակ ինստիտուտներով։ Սա էլ է որոշում, որը երբեք գիտական հանրության հետ նախօրոք, մինչեւ որոշում կայացնելը չի քննարկվել»,– ասաց նա, հավելելով, որ այդ հայեցակարգը դնելով քննարկման, իրականում գիտնականներին հրավիրում են ընդամենը առանձին մանրուքները քննարկելու, այլ ոչ թե ընդհանուր հայեցակարգը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, արձագանքելով Հովակիմ Զաքարյանին, նշեց, որ «քննարկումները տեղի են ունենում Ակադեմիայի ուղիղ ներկայությամբ, այսինքն, քննարկումներին ներկա է լինում Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը»։ Հետո հավելեց, որ 2027 թվականից գիտական ինստիտուտների ֆինանսավորումը դադարեցնելու որոշումն իր համար նորություն է, եւ խնդրեց նշել, թե որ փաստաթղթում է դա գրված։

«Իրականում կարևոր է ոչ թե մեխանիկական, այսինքն, ադմինիստրատիվ, բյուրոկրատական, այլ բովանդակային մասը, թե մենք ինչ ենք սպասում գիտությունից, ինչպե՞ս են գիտական ինստիտուտները Հայաստանի զարգացման մաս կազմելու։ Մնացած խնդիրները քննարկելի են։ Ես չեմ կարծում, որ այդտեղ շատ սուր հարցեր կան, որոնք հնարավոր չէ սեղանի շուրջ քննարկել»,– ասաց նա։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Փախչանյանը նշեց, որ բուհերին չմիավորված գիտական ինստիտուտների ֆինանսավորումը 2027 թվականից դադարեցնելու որոշումը հնչեցվել է կառավարության նիստում։

«Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում կա մի քանի հազար գիտնական, որոնց կարելի է մի դահլիճում հավաքել։ Ու իրենց մի դահլիճում հավաքելու, իրենց ճակատագրի մասին խոսելու փոխարեն, իրենք իրենց ճակատագրի մասին տեղեկանում են մամուլից», – ասաց նա։ 

«Գիտուժ» Նախաձեռնության անդամի խոսքով՝ գիտնականները 21–րդ դարում շատ «հեղուկ» տեսակ են։ «Եթե իրենց ինչ–որ բան դուր չեկավ, մի ամիս հետո կհայտնվեն Եվրոպայում, ԱՄՆ–ում կամ այլ տեղում, և նրանց այլևս չես գտնի։ Նրանց կորցնելը վայրկյանի հարց է», – ասաց նա։

Արամ Փախչանյանը հղում կատարեց Հայաստանի գիտական և կրթական ոլորտի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի 2020 թվականի զեկույցին, որում, ըստ նրա, դրված էր  ամենակարևոր խնդիրներից մեկը՝ Հայաստանը պետք է ոչ միայն զարգացնի գիտական ոլորտը, այլև կարողանա պահպանել այսօրվա ներուժը։ «Դա շատ հեշտ կարելի է կորցնել, որովհետև դրա պահանջարկը աշխարհում շատ մեծ է։  Այդ մարդկանց կարող են այնպիսի առաջարկներ անել, որոնց նրանք դժվար կարողանան դիմադրել։ Ու մենք պետք է ոչ թե իրենց թելադրենք, թե իրենք ինչպես պետք է ապրեն 2027 թվականից հետո, այլ պետք է ամեն ջանք գործադրենք, որ իրենք գոհ լինեն», – ասաց նա։

Արամ Փախչանյանը տեսնում է համակարգային խնդիր Հայաստանում, և այդ խնդիրը ընդգծված է նաև եվրոպական զեկույցում։ Ըստ նրա՝ այդ հետազոտության որոշ եզրակացություններ դարձել են «ակադեմիական քաղաք» նախագծի հիմք։

«Սակայն շատ ավելի կարևոր մտքեր այնտեղ կան, որոնք որևէ արտացոլում չեն գտել մեր պետական քաղաքականության մեջ։ Այդ հետազոտությունն ասում է, որ առանց համակարգային նպատակադրության գիտությունը չի կարող զարգանալ։ Գիտությունը պետք է ունենա նպատակ, առավել ևս Հայաստանի պես փոքր երկրում, քանի որ մենք ունենք սահմանափակ ռեսուրսներ, և չենք կարող ամեն բան զարգացնել։ Պետությունը պետք է սահմանի իր առաջնահերթությունները, ելնելով անվտանգության և  զարգացման նպատակներից։ Եվ նախարարությունների միջոցով ոլորտային պահանջներ ձևավորի, որոնք պիտի գան դեպի գիտություն, և գիտությունը պետք է գործի ըստ այդ պահանջների», – ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այսօր այդ մեխանիզմը բացակայում է, և որևէ նախարարություն չունի իր ոլորտի բովանդակային խնդիրները բարձրացնելու և խնդիր դնելու մոտեցումներ։

«Դրա համար պետք է լուրջ կառուցվածք, որը կներառի գիտական տարողություն, եւ այդ կառուցվածքը պետք է լինի ոչ թե շատ կենտրոնացած, այլ համապարփակ։ Եվ այդ կառուցվածքը պետք է շատ արագ ստեղծել, մինչև ակադեմիական քաղաք ստեղծելը։ Այդ ակադեմիական քաղաքը բովանդակություն չի ունենա, եթե այդ բովանդակությունը չդրվի որպես նպատակների շարք», – ասաց Արամ Փախչանյանը։

Տպել
Ամենաշատ