News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ԼՂ պաշտոնական տեղեկատվական էջերից իմացանք, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրմանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ. սա վերաբերում է երեկ կեսօրից Ադրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողություններին: Այս մասին իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մենք ծանոթացանք տեքստին ու քանի որ այդ տեքստի ձեւավորմանը ՀՀ-ն որեւէ կերպ չի մասնակցել եւ քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետեւյալն է, որ տեքստում հիշատակվում է ՀՀ զինված ուժերը, եւ խոսվում է ԼՂ-ից Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների մասին: Առաջինը, այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021-ի օգոստոսից Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի: Բայց ամեն դեպքում մենք այս հայտարարությունը եւ ԼՂ-ի իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ, ԼՂ-ի հայության անվտանգության հարցն է եւ տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե խաղաղապահները նման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ  նրանք ամբողջությամբ եւ այլեւս առանց վերապահումների ընդունել են ԼՂ-ի հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը՝ ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի ԼՂ հայերի իրավունքը պահպանեն իրենց տներում, իրենց հողի վրա ապրելու, եւ ապրելու արժանապատիվ ու անվտանգ:  Իմ ընկալումն այն է, որ սրանով նաեւ այդ պատասխանատվությունն է ամբողջապես ստանձնում, չնայած մենք միշտ էլ այդ կարծիքին էինք, որ այդ պատասխանատվությունը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դրված է ռուսական խաղաղապահ առաքելության վրա: Բայց մենք հույս ունենք, որ նման քայլ անելով, ՌԴ խաղաղապահ զորախումբը ամբողջությամբ կկատարի իր պարտականությունները, ինչի հետ կապված ունեցել ենք որոշակի վերապահումներ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի հետ, ըստ էության, կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, մոտեցումը եւ գնահատականը, որ ԼՂ-ի դեմ հարձակման նպատակներից մեկը ՀՀ-ին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ: Իհարկե, ինձ համար գնահատականը մեկն է, որ եթե հնարավոր լինել Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը: Այս առումով իմ գնահատականը,  առնվազն նաեւ այսօրվա իրադարձությունների համատեքստում, առնվազն գոյության շատ լուրջ իրավունք ունի, բայց դա իմ գնահատականն ու իմ համոզմունքն է:

Մենք տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն, կշարունակենք հետեւել զարգացումներին եւ եթե լրացուցիչ գնահատական, լրացուցիչ ասելիք ունենանք այս առումով, անպայման դա կկիսենք ձեզ հետ:

Վերջին տեղեկատվությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետեւյալն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է: Մենք հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի, առավել եւս այս պայմաններում կայունությունը եւ ռազմական գործողությունների դադարը շատ կարեւոր է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ հիմա ամենակարեւոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. «Գործնական առումով մենք կհետեւենք իրադարձություններին: Մենք գուցե որոշակի մտքերի փոխանակում կունենանք  մեր միջազգային գործընկերների հետ այս իրադրության հետ կապված եւ լրացուցիչ գնահատականներ եւ ասելիք ունանալու պարագայում անպայման այն կկիսենք ձեզ հետ»:

Հիշեցնենք, ըստ Արցախի տեղեկատվական շտաբի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների, զինծառայողների դուրսբերման և «Լեռնային Ղարաբաղի» զինված կազմավորումների լուծարման, «Պաշտպանության բանակի» ամբողջական զինաթափման մասին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման՝ դրանք արագ վերացնելու նպատակով։

Իսկ վաղը Եվլախում կհանդիպեն Արցախի  և Ադրբեջանի ներկայացուցիչները, կքննարկվեն ԼՂ հայերի անվտանգության ապահովման հարցերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած
Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից...
«Հրապարակ». Պատերազմի ժամանակ վնասված տեխնիկայի գումարը նոր են փոխհատուցում
Ըստ նախագծի՝ խոսքը 52 ֆիզիկական ու իրավաբանական անձի պատկանող 52 տրանսպորտային միջոցի մասին է...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
Վերջին 1 տարում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակը նվազել է, բայց մարտահրավերները մնում են․ Ստեֆանո Տոմատ
Վերջերս տեղի ունեցած ապատեղեկատվության արշավները ԵՄ դիտորդական առաքելության դեմ ընդգծում են այն դժվարին միջավայրը, որում ԵՄ առաքելությունը…
Ադրբեջանը խաղաղության չի պատրաստվում, այլ՝ Հայաստանի հետ պատերազմի. Արտակ Բեգլարյանը՝ National Journal-ին
Արցախի կառավարությունը ներգրավված չէ որոշումների կայացման գործընթացում. Մեր կարծիքը ոչ ոք չի հարցնում...
Քանի՞ կյանք պիտի տան զինվորները, որ իշխանությանը կառչածները հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել. Կարապետյան
Բաքվի կողմից դիվերսիոն խմբի միջոցով կազմակերպված սադրանքն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասում և հստակ ցույց է տալիս…
Ամենաշատ