Անկարայի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների սրման դինամիկան հասկանալու համար պետք է գնալ 2009 թվական, երբ Բաքվի ճնշմամբ Թուրքիան ձախողեց հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այսպես է սկսել իր հրապարակումը թուրքական T24 կայքի սյունակագիր Բարչըն Յինանչը։
Հրապարկման մեջ նշվում է, որ 2009–ին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը հաջողությամբ ձախողելուց հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Թուրքիայում ազդեցություն ձեռք բերելու գործին՝ դառնալով Թուրքիայում ամենաշատ ներդրում անող երկրներից մեկը, ընդհուպ լրատվական ալիքի ձեռքբերմանը։
Անդրադառնալով սեպտեմբերի 21–ին Ադրբեջանի դպրոցներում աշխարհիկության սկզբունքին չհամապատասխանող հագուստի կրման արգելքից հետո տեղի ունեցած հայտնի զարգացումներին, նշվում է, որ չնայած Անկարան զիջումների է գնում, ազատում խորհրդականի, ձերբակալություններ իրականացնում հակաադրբեջանական գրառումներ կատարողների շրջանում, Ալիեւն ավելի է սրում իրավիճակը։
«Ալիեւը նույն կերպ առանց դադար սրում էր իրավիճակը թե ՌԴ–ի, թե Ֆրանսիայի հետ լարվածությունների ժամանակ»,–նշվում է հրապարակման մեջ։
Ըստ T24–ի, Թուրքիան պետք է հասկանա, որ Ադրբեջանը 2020 թվականի Ղարաբաղի պատերազմում հաղթանակից հետո Թուրքիայի համար այլեւս «փոքր եղբայր» չէ, այլ առանձին արտաքին քաղաքական գործոնն է։
Անդրադառնալով հայ–թուրքական սահմանի բացման հարցին, հրապարկաման մեջ նշվում է, որ Թուրքիա–Ադրբեջան այս լարվածության համատեքստում Թուրքիան չի գնա Հայաստանի հետ սահմանի բացմանը, քանի որ դա ավելի կմեծացնի լարվածությունը եւ կստիպի Ադրբեջանին ավելի կոշտացնել Հայաստանի նկատմամբ կեցվածքն ու կձգձգի տարածաշրջանային կարեւոր նախագծերը։




























