
ԱՄՆ-ն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շուտով կձևավորվի վերջնական զինադադար, նաև կշարունակի կապ պահպանել հակամարտող կողմերի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին։
«Տեղեկություններ են ստացվել, որ ռազմական գործողությունները [Ղարաբաղում] դադարեցվել են կամ շուտով կդադարեցվեն։ Եթե այս ծրագիրն իրականանա, ապա, իհարկե, սա դրական զարգացում կլինի»,- ասել է նա։
Քըրբին հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվորեն համագործակցել հակամարտության բոլոր կողմերի, ինչպես նաև իր գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները նաեւ ուշադիր հետեւում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակի զարգացմանը։ Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը միշտ հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։