
Ռուս մշակութային, գիտական և կրթական գործիչները բաց նամակ են ստորագրել՝ ի պաշտպանություն գործարար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը լքելու փորձի ժամանակ, գրում է ՌԲԿ-ն։
Դիմումի հեղինակները նշում են, որ Վարդանյանը միշտ դեմ է եղել բռնությանը և կողմ իրավահավասար երկխոսությանը, նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամանքն անհաշտելի է թվում։
«Դիմում ենք բոլորին, ովքեր ի զորու են հասնել Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը։ Կոչ ենք անում նրան հնարավորություն տալ վերամիավորվել ընտանիքին և վերադառնալ ստեղծագործ աշխատանքի՝ ի շահ մարդկանց»,- ասված է նամակում։
Ընդհանուր առմամբ, դիմումը ստորագրել է 22 մարդ։ Նրանց թվում են նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, իսկ այժմ՝ Մոսկվայի կառավարման դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Վոլոշինը, գրողներ Եվգենի Վոդոլազկինը և Ալլա Գերբերը, գործարարներ Միխայիլ Կուսնիրովիչը և Մարկ Կուրցերը, ռեժիսորներ Պավել Լունգինը և Ալեքսանդր Սոկուրովը, Նատալյա Սոլժենիցինան, «Վերա» հոսպիսների օգնության ֆոնդի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսերը, պարուսույց Բորիս Էյֆմանը, Ա.Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի նախկին տնօրեն Մարինա Լոշակը, Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը և այլոք։