News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բանասեր, հրուշակագործ Մարիամ Պողոսյանը պատերազմից հետո Ճարտարից տեղահանվելով և հաստատվելով Երևանում, հարմարվել էր այն մտքին, որ այստեղ  հրուշակեղենի արտադրություն սկսելն ու մրցակցությանը դիմանալը, գրեթե անհնար կլինի: Մարիամը, որ 2020թ. պատերազմից հետո ընտանիք էր կազմել և որդի ունեցել Ճարտարում, իր բախտակիցների հետ սեպտեմբերին բռնեց գաղթի ճամփան՝ Արցախում թողնելով ապրած 25 տարիները, շրջափակման ընթացքում անցկացրած ջերմ ու սառն ամիսներն ու հազիվ լուսացրած պատերազմյան օրերը: Երևանում նոր իրականությանը հարմարվելը, իրեն վերագտնելն ու կյանքը զրոյից սկսելը, շատերի պես Մարիամին ևս չափազանց դժվար հաջողվեց:  

IMG_6952 (1).jpeg (75 KB)

«Օր օրի իրականությանը հարմարվելն ավելի ծանր էր դառնում։ Հասկանում էի, որ եթե այսպես շարունակվի, խելագարության կհասնեմ։ Պետք էր որևէ բան ձեռնարկել: Այդ ընթացքում իմ պատվիրատուներից մեկը գրեց, որ իր բալիկի տորթը կուզեր հենց ես պատրաստեմ։ Մեծ քաղաքում, որտեղ ինձնից շատ ավելի հմուտ մասնագետներ կան, նորից ինձ ընտրելն այնքան հուզիչ էր։ Նման հավատարմությունն աննկարագրելի հաճելի ու պարտավորեցնող է»,-NEWS.am-ին պատմեց Մարիամը:

Հենց այս փոքրիկ ուշադրությունն էլ պատճառ դարձավ, որ ճարտարցի հրուշակագործը վերսկսի տորթերի արտադրությունը Երևանում:

IMG_6953.jpeg (92 KB)

Իսկ թե ինչու էր մասնագիտությամբ բանասեր Մարիամն Արցախում որոշել զբաղվել հրուշակագործությամբ, դժվար չէ կռահելը. նման բիզնես-մեկնարկի մասին հաճախ կարելի է կարդալ կին գործարարների հաջողության պատմության նախաբանում:

IMG_6954.JPG (109 KB)

«Բիզնես սկսելու գաղափարն իմ մոտ առաջացել է բալիկիս ծնվելուց հետո: Տղաս 6 ամսական էր, երբ որոշեցի զբաղվել հրուշակագործությամբ։ Բոլոր մայրիկներն ինձ կհասկանան։ Երբ ամբողջ օրը զբաղված ես փոքրիկին մեծացնելով, օրերդ նմանվում են իրար և որքան էլ հաճելի լինի երեխայի խնամքով զբաղվելը, ներսումդ կուտակված անսպառ էներգիան և ձգտումը թույլ չեն տալիս քեզ տեղում նստել: Ինչ հիշում եմ ինձ, անտարբեր չեմ անցել գեղեցիկի կողքով, առավել ևս, երբ խոսքը տորթերի մասին է։ Դժվարն առաջին քայլն անելն է. այն է՝ տեղեկացնել շրջապատիդ, որ պատրաստ ես նրանց կարևորագույն առիթների մի մասը դառնալ՝ տորթի հեղինակն ու ստեղծարարը»,-պատմեց նա:

IMG_5574.jpeg (159 KB)

Մարիամը հրուշակեղենի պատրաստման հարցում առաջին հերթին կարևորում է մթերքների որակը, մաքսիմալ անվտանգ բաղադրություն ստանալը։

«Ցավոք, Արցախում շատ դժվար էր գտնել մաքուր բաղադրությամբ մթերքներ, օրինակ՝ սերուցքներ: Ստեփանակերտում երբեմն պատահում էր, բայց քանի որ ինքս մայրաքաղաքում չէի ապրում, ինձ համար մթերք ձեռք բերելը բավականին դժվար էր։ Այս հարցի շուրջ շատ երկար եմ մտածել, շատ տարբերակներ փորձել, մինչև վերջապես գտել եմ լուծումը։ Եղբայրս ու քույրս Երևանում էին սովորում։ Ես պատվիրում էի ինձ անհրաժեշտ մթերքը, առաքման հասցեում նշելով իրենց բնակության հասցեն։ Հետո պատվերներս եղբայրս ուղարկում էր ծանոթ կամ անծանոթ մարդկանց միջոցով»,-պատմեց զրուցակիցս:

IMG_6666.jpeg (87 KB)

Մթերքների հայթայթման հետ կապված կազմակերպչական աշխատանքները Մարիամից ահռելի ժամանակ էին խլում, ու նա գիտակցում էր, որ բիզնեսի մեծանալու հետ, այս խնդիրը ևս կմեծանա։

«Ցավոք, նոր սկսած բիզնեսս շատ կարճ կյանք ունեցավ Արցախում։ Շրջափակման հետևանքով մթերք ներմուծելն այլևս անհնար էր։ Իսկ գազի և էլէկտրաէներգիայի բացակայությունն անհնար էր դարձնում որակյալ արտադրանք ստանալը։ Շատ ծանր էի տանում, որ չէի կարող իմ սիրելի գործով զբաղվել: Ամեն տորթի հետ հոգի էի դնում, թևավորվում արդյունքից, երբեմն հիասթափվում ու հուսահատվում։ Բայց ինձ կարևոր էի զգում ամեն հարթեցված տորթից ու ոգևորող արձագանքից հետո»,-անկեղծացավ աղջիկը:

IMG_6864.jpeg (87 KB)

Մարիամը հուզմունքով է մտաբերում շրջափակման ընթացքում սպառած վերջին տուփ շոկոլադն ու այն ապրումները, որ ունեցել է՝ տեսնելով, թե ինչպես են ճարտարցի երեխաները «խժռում» իր պատրաստած վերջին տորթը:

«Շրջափակումը շատ ծանր ազդեց բոլորիս վրա։ Սկզում շատերս որոշակի պաշարներ ունեինք ,թեև ոչ ոք չէր պատկերացնում, որ այդ կատաստրոֆիկ իրավիճակը երկար կտևի։ Մտածում էինք հերթական անիմաստ խաղն է, բայց… Որքան  ձգվում էին օրերը, բոլորս ավելի լարված էինք դառնում, տոների հանդեպ՝ անտարբեր։ Ու դա լիովին հասկանալի էր՝ հաշվի առնելով վտանգի մասշտաբը։ Շրջափակման ընթացքում 2 տուփ շոկոլադ ունեի։ Պլանավորել էի Նոր տարուն կոնֆետներ պատրաստել։ Շոկոլադը հասավ ինձ, տուփերը՝ ոչ։ Պարբերաբար շոկոլադ էի պատրաստում, բաժանում մարդկանց, նվիրում, նաև քիչ քանակությամբ վաճառում։ 9 ամիսների ընթացքում ընդամենը 5 տորթ եմ պատրաստել։ Անհրաժեշտ պարագանները գտնում էինք փոխանակումով, ինչ-որ մեկից խնդրելով։ Մի դեպք կա, որի մասին առանց հուզվելու չեմ կարող պատմել։ Մեր հարևանությամբ ապրող բարեկամներիցս մեկը տորթ էր ուզել աղջկա ծննդյան համար։ Մի կերպ ձու գտանք, կարագի փոխարեն մարգարին օգտագործեցինք ու մի փոքրիկ տորթ ստացանք։ Մեր տանից հարևան տուն տեղափոխելիս, բակի երեխաները տեսան ինչ է ձեռքիս։ Հետևիցս վազելով եկել էին բարեկամուհուս տուն՝ տորթն ուտելու։ Երեխաների աչքերի փայլը, ագահությամբ ուտելը, ուրախանալը, չնչին չափաբաժինները… Այս պատկերները երևի երբեք չեմ մոռանա»,-հիշում է Մարիամը:

Screenshot_20231126-182741.jpg (255 KB)

Շրջափակման դժվարին ամիսների, Ճարտարից հեռանալու և գաղթի անվերջանալի թվացող ճանապարհի մասին Մարիամը լուսանկարներ ու գրառումներ է տեղադրել ինստագրամի իր էջում և ժամանակից փաստագիրն անվանել «Հետհաշվարկ»:

Հենց այս հարթակում էլ կիսվելով իր զգացողություններով, Մարիամը հետևորդներ է ձեռքբերում, որոնցից ոմանք այսօր իր մշտական պատվիատուներն են:

«Պատերազմական և հետագա գործողությունների ժամանակ զգացմունքներիս, կատարվող քաոսի մասին սկսել էի ինստագրամիս և ֆեյսբուքիս էջերում պարբերաբար կիսվել։ Ինքս էլ չգիտեմ ինչպես, ահագին մարդ սկսեց հետևել ինձ։ Այնքան շատ կարեկցանքի, քաջալերման խոսքեր էին գրում ինձ։ Շատ նամակներ կարդացել եմ արդեն Երևանում, երբ վերջապես նորմալ ինտերնետ կապ ունեի։ Հենց ինստագրամյան էջում հայտարարեցի, որ սկսում եմ իմ բիզնեսը, շատերն արձագանքեցին։ Պատվերներ ունեմ անգամ դեկտեմբեր և հունվար ամիսների համար։ Ես պարզապես ապշում էի  մարդկանց բարեսրտությունից»,-ասում է Մարիամը:

Արցախցի հրուշակագործն  այժմ սովորում է Երևանում՝ «Մանանա ուսումնական կենտրոնում»։ Բիզնեսում Մարիամի նշանաբանն է. «կատարելագործվել ու կատարելագործվել»: Մարիամը Արցախից հասցրել է ընդամենը հետը վերցնել տորթի մի քանի պարագա և ստիպված է անհրաժեշտ շատ պարագաններ՝ այդ թվում խոհանոցային տեխնիկա, նորից գնել:

 Խոսելով բիզնեսի առաջխաղացման և հետագա պլանների մասին, ճարտարցի հրուշակագործը վստահորեն ասում է.

«Կգա մի օր, երբ Երևանի մի փոքրիկ, հարմարավետ ու յուրօրինակ սրճարանում կհյուրասիրեմ իմ պատրաստած համեղ, գեղեցիկ, անվնաս ու նմանը չունեցող խմորեղենը»:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ