News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը


Մինչև 1988 թվականն ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովի  ապրել է Երևանում։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին Կոմիտաս 5Ա հասցեի բնակիչները։

Նախօրեին Գասիմովը տեսանյութ էր տարածել, որում իբր շրջում է Կոմիտասի 5Ա հասցեում գտնվող շենքի բակում,  պատմում, որ ապրել է այդ շենքում, ցույց տալիս իրենց բնակարանը, թվարկում իրենց հարևանների անունները։

Ընդ որում, Գասիմովն այս տեղանյութում պնդում է, թե այս տարի սեպտեմբերին արցախցիների տեղահանումից հետո է եկել Երեւան։

Այսօր ԱԱԾ–ն հաղորդագրություն տարածել ու նշել, որ տեսագրությունը 6 տարվա վաղեմություն ունի, իրականացվել է 2017–ին, իսկ հեղինակն ամենևին էլ Գասիմովը չէ։ Ադրբեջանցուն այս ծառայությունը մատուցել է երկքաղաքացի, որի անուն ազգանվան միայն առաջին տառերն են նշված հաղորդագրությունում՝ Ա. Ք.։ Ըստ ԱԱԾ–ի, Գասիմովը տեսանյութը մոնտաժել է՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը։

Տեսանյութի վաղեմության մեջ NEWS.am-ի նկարահանող խումբը համոզվեց՝ Կոմիտաս 5Ա հասցե այցելելով։  Ադրբեջանցու տեսանյութի հետ համեմատ՝ շատ բան է փոխվել շենքի բակում եւ ներսում։

Օրինակ պատշգամբներից մեկը Գասիմովի կադրում սպիտակ է, մինչդեռ բնակիչների պատմելով, շատ վաղուց այն կապույտ է ներկվել։ Մուտքի դուռը Գասիմովի կադրում կարմիր է, այն առնվազն 2–3 տարի է՝ արդեն մոխրագույն է։ Բակում ադրբեջանցին ցույց է տալիս ցայտաղբյուր, որը հիմա արդեն չկա։ Շենքի հակառակ կողմի կադրերում պատուհանները փայտից են, իսկ դրանք 4–5 տարի է, արդեն փոխված են։

Շենքի վերջին 10 տարվա բնակիչները Գասիմովի մասին որեւէ ինֆորմացիա չունեին։ Նաեւ չեն լսել, որ իրենց շենք որեւէ ադրբեջանցի եկած լինի։

Իսկ 5–րդ հարկում, որտեղ Գասիմովի պատմելով իրենց բնակարանն է եղել, 16 տարի ապրում է տիկին Նելլին։ Նա բնակարանը գնել է հայ տանտիրոջից, բայց գիտի, որ այնտեղ ժամանակին ապրել է ադրբեջանցի ընտանիք։ 1988–ին այս բնակարանը Թելմանի ընտանիքը փոխանակել է Ադրբեջանում ապրող հայ ընտանիքի բնակարանի հետ։ Տեսանյութի հետ կապված երբևէ ԱԱԾ–ից որեւէ մեկը տիկին Նելլիի դուռը չի թակել, հարցեր չի տվել։

«2018-ից ինչ Նիկոլը եկել է, քաղաքը թուրքերով լցված է։ Բոլորին բերել, լցրել է», - ասում տիկին Նելլին։

Բակի հնաբնակներից տիկին Նունեն շատ ավելի տեղեկացված էր Թելման Գասիմովից ու նրա ընտանիքից։ Ավելին, մանկության տարիներին նույն բակում միասին են խաղացել։ Ասում է՝ Թելմանը չէր ուզում Ադրբեջան տեղափոխվել եւ ապրել իր ազգակիցների հետ։ Դրանից հետո տիկին Նունեն Թելմանին տեսել է Լաչինի միջանցքը փակելու օրերին՝ հեռուստացույցով։ Գասիմովը Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպանական ակցիայի» կազմակերպիչներից էր։

«Լաչինի միջանցքը փակելու ժամանակ տեսա, ճանաչեցի, ասեցի' վայ մեր բակի Թելմանն է, էստեղ ծնվել, մեծացել է, հիմա գնացել, մեր դեմ է խոսում», - ասում է տիկին Նունեն։

Նունեի որդին զոհվել է 44–օրյա պատերազմում։ Նա այլևս չի պատկերացնում, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ կողք–կողքի ապրել։ Ամեն րոպե հիշելու է, թե իր որդին ում ձեռքով է զոհվել։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ