News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

BBC Travel-ի սյունակագիր Սուգատո Մուհերջին իր «Ինչպես է 1600-ամյա այբուբենը ձեւավորել հայկական ինքնությունը» հոդվածում պատմել է հայկական այբուբենի մասին եւ ներկայացրել իր տպավորությունները Հայաստան կատարած ուղեւորությունից։

Հոդվածագրի խոսքով՝  աշնանը Հայաստան կատարած իր ուղեւորության ժամանակ նա իր ուղեկցորդի՝ Սոֆյա Հակոբյանի հետ միասին այցելել է Տառերի այգի, որը ստեղծվել է 2005թ. հայկական տառերի ստեղծման 1600-ամյակի առիթով։

«Տամուկ վարդագույն, դեղին եւ բաց սեւավուն քարից պատրաստված տառերը ծաղկանախշ են եւ պատված խորհրդանշաններով։ Դրանցից մի քանիսը խմբերով են, մյուսները՝ միայնության մեջ»,- իր տպավորությունների մասին պատմում է Մուհերջին՝ նշելով, որ  այգում տեսել է նաեւ հայոց գրերն ստեղծողի՝ Մեսրոպ Մաշտոցի արձանը։

Նա նաեւ իր տպավորություններն է ներկայացրել Երեւանի Հնագույն ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան կատարած այցելության մասին։

«Պատկառելի բազալտե կառույցը, որը գտնվում է Երեւանում, Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում գտնվող բլրի վրա, նման է ամրոցի, բայց իրականում դա հին ձեռագրերի գրադարան է (սկրիպտորիում), որը միաժամանակ նաեւ հետազոտական ինստիտուտ է։ Ես ոտնաթաթերիս ծայրերի վրա անցա հանդիսավորությամբ լուռ սրահներով, որոնցում ներկայացված են մշտական ցուցանմուշներ՝ բաժանված ըստ թեմաների, ներառյալ թարգմանչական գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մաթեմատիկական գիտությունների եւ հումանիտար գիտությունների տրիվիումը եւ քվադրիվիումը, պոեզիան, իրավունքը, պատմությունն ու արվեստը»,- հիշում է հոդվածի հեղինակը։

«Ես գիտեի, որ հայոց գրերի էսթետիկորեն պերճախոս ձեւերը, որոնք հնուց անտի օգտագործվել են ժողովրդական արվեստում եւ վայելչագրությունում, հայտնվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Բայց ես չէի էլ կասկածում, որ նրբագեղ գեղարվեստական նախշերը լի են գաղտնի կոդերով եւ ծածկագրերով եւ օժտված են ծածուկ հատկություններով»,- իր հոդվածում ընդգծում է Մուհերջին։

«Հաջորդ 1500-ամյակի ընթացքում այբուբենը ազգային հպարտության առարկա է եղել,  հայ մշակութային ինքնության միջուկը, համերաշխության խորհրդանշանը պատերազմից բզկտված հողի համար, որը գրեթե մշտապես գտնվել է օտարերկրյա ուժերի՝ հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների եւ օսման թուրքերի իշխանության եւ գաղութացման ներքո։ Հալածանքի եւ ստրկացման այդ գրեթե անընդմեջ սագան վերջապես ավարտվեց 1991թ., երբ 69-ամյա խորհրդային ռեժիմը փլուզվեց եւ Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն»,- պատմում է BBC Travel-ի սյունակագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ