News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որն ստորագրել են մի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Մերձավոր արևելքի բաժնի պատասխանատու Մայքլ  Ռժեպչինսկին։

NEWS.am-ը տեղեկացավ, որ հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։

Համագործակցության հուշագիրն ամրագրում է թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ պայքարում կառույցների սերտ գործակցությունը։ Այն ուղղված է նշած հանցատեսակներով քննությունների շրջանակներում օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և վերլուծությանը, թմրամիջոցների, համանման նյութերի և պրեկուրսոր քիմիական նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված դրամական միջոցների ապօրինի հոսքը կանխելու և հակազդելու նպատակով փոխադարձ օգնության ցուցաբերմանը, այս ոլորտում միջազգային համագործակցության խթանմանը, տարբեր միջոցառումների միջոցով այս հանցատեսակների դեմ քրեաիրավական պայքարում անձնակազմի մասնագիտական զարգացմանը։

ԱՄՆ դեսպան տիկին  Քրիստինա Ալիսոն Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է հուշագրի ստորագրումը։ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ փաստաթուղթը ոչ միայն ուժեղացնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանով պայմանավորված փողերի լվացման դեմ պայքարում ՀՀ ՔԿ-ի հնարավորությունները, այլ նաև Քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարբեր կառույցների հետ համագործակցությունը տեղափոխում է որակապես նոր հարթություն։ Արգիշտի Քյարամյանը հիշեցրել է, որ 2023թ․ մայիսին համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ, որը լայն թափով գործում է՝ ապացուցելով իր բարձր արդյունավետությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը և խորացմանը լրջագույն աջակցություն ցուցաբերելու համար։ 

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման վերաբերյալ ելույթ է ունեցել նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը. «Մենք այն ժամանակ պայքարում էինք հիմնական տեղական իրացնողների դեմ, այժմ արդեն պայքար ենք մղում միջազգային մասշտաբով իրացնողների հետ: Եթե նախկինում  բախվում էինք մի իրավիճակի, երբ թմրանյութի վաճառքի դիմաց վճարումը կատարվում է ձեռքից ձեռք, ապա այսօր համացանցի զարգացման արդյունքում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր, երբ թմրանյութի իրացումը, շրջանառությունը և դրա դիմաց վաճառքը կատարվում է ոչ թե ձեռքից ձեռք, այլ՝ համացանցի միջոցով»,- նշել է նա:

Նրա խոսքով, միջազգահին գործընկերների աջակցությունը շատ կարևոր է, իսկ այս հուշագիրն էլ քայլերից մեկն է:

Տպել
Ամենաշատ