News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մեր գյուղի 90 տոկոսը «խոպանչի» է, բայց 5 հոգու է եկել ծանուցում, որ պետք է եկամտհարկ վճարի: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչներից մեկը:

«Հիմա մնացած խոպանչիները չգիտեն օրենքը, չեն տեղեկացրել: Մենք ծանուցումը անակնկալ ձեւով ստացել ենք, գնացել ենք, մեզ բացատրել են, որ օրենքը սենց է, որ եթե տարվա մեջ 183 օր մնացել ես Հայաստանում, ուրեմն հարկվում ես: Թող օրենքը բոլորի համար դնեն հավասար: Երեք օր առաջ հեռուստատեսությամբ հայտարարում են, որ այսօուհետ խոպանչիները հարկվում են: Բա եթե 3 օր առաջ եք հայտարարում, ո՞նց եք 2022-ից մարդկանց հարկում: Դեռ տույժն էլ հետն է եկել: Մերը 2022 թվից եկել է, ասենք, 130 հազար: Նամակի մեջ գրված է, որ ՌԴ-ում հարկել են 20 տոկոսի 13 տոկոսը, 70 հազար ռուբլին վճարել ենք: Մեկ տարի անցել է, նոր մեզ ծանուցում են ուղարկում, որտեղ արդեն 100 հազար դրամ ավել գումար պետք է վճարենք որպես տուգանք»,-ասաց նա:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Ինչի՞ համար են մեզ հարկում: Ռուսաստան մեկնողներին ոչ աշխատանքով են ապահովում, ոչ բժշկական ապահովագրությունով, ոչ մնալու տեղով: Աշխատում ենք ՌԴ-ում, հարկ ենք մուծում ՌԴ-ում, մնացած կոպեկները, որ պետք է այստեղ երեխա պահենք, ապագա զինվոր ու ապագա մայր պահենք, պետք է հարկ ու տուրք տանք  ոստիկանություն պահելու համա՞ր: Սրանով հիմա արհեստական խթանում են արտագաղթը, որ մարդիկ էլ հետ չգա՞ն:

Հայաստանի մարզերը մահացած են, գյուղատնտեսությունը մահացած է, արդյունաբերություն չկա, գործարաններ չկան, միակ աշխատանքը արտագնա աշխատանքն է»:

Մեկ ուրիշն էլ հավելեց. «Գնացել 300 հազար փախցնելով ռուսի ունիտազ մաքրելով, շաբաթներով առանց լողանալու աշխատել եմ, որ հիմա բերեմ տամ իրե՞նց»:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ