News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներ, ամուսիններ Դավիթ և Տաթև Ասպատուրյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան՝ Մարին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ընտանիքի հայր Դավիթ Ասպատուրյանից, առաջնեկը 2009 թվականին ծնված Գրիգորն է։ Այնուհետև լույս աշխարհ են եկել Նարեկը, Մհերը, Արտաշեսը, Վանը, Մանեն և Մարին։ «Այս պահին մեր որդիները դպրոցականներ են. Գրիգորը սովորում է իններորդ, Նարեկը՝ յոթերորդ, Մհերը՝ հինգերորդ, Արտաշեսը՝ երրորդ և Վանը՝ առաջին դասարաններում։ Մանեն դեռ 4 տարեկան է։ Իմ պապ Ավդալ Ասպատուրյանի ընտանիքում մեծացել է ինը երեխա։ Այնպես որ, բազմազավակությունը մեր ընտանիքում ունի ավանդույթ ու պատգամ։ Իհարկե, հեշտ չէ յոթ երեխայի խնամքը, մանավանդ, որ մեր եկամտի հիմնական աղբյուրը գազի գրասենյակի փականագործի աշխատավարձն է ու պետության կողմից տրվող նպաստը՝ յուրաքանչյուր երեխային ամսական յոթ հազար դրամի չափով։ Սակայն մեր ազգի կենսունակությունը, նրա ապագան միշտ պայմանավորված կլինեն բազմազավակ ընտանիքներով»,-նշեց Դավիթ Ասպատուրյանը։

Մարտունու համայնքապետարանի սոցիալական բաժնի տվյալներով՝ այսօրվա դրությամբ Մարտունի քաղաքում յոթ երեխա ունեցող ընդամենը երկու ընտանիք կա, որոնցից մեկը Դավիթ Ասպատուրյանի, մյուսը՝ Արթուր Զաքարյանի ընտանիքն է։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ