ԱԷՄԳ-ի նոր զեկույցը հստակորեն ցույց է տալիս, որ Իրանը ատոմային ռումբ ստեղծելու ճանապարհին հաղթահարել է հիմնական փուլը: Նոր զեկույցը պետք է հրապարակվի նոյեմբերի 8-ին, որում կլինեն կոնկրետ փաստաթղթեր եւ արբանյակային լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ Իրանը գաղտնի միջուկային զենք է մշակում:

Վկայակոչելով փորձագետների կարծիքները, Le Figaro-ն գրում է, որ Իրանի վարչակազմը ունի գիտելիքներ, տեխնոլոգիաներ եւ ռեսուրսներ, որոնք բավարար են մի քանի ամիս հետո մեկ կամ երկու ատոմային ռումբ ստեղծելու համար:

Ինչպես գրում է AP-ն, փորձարկումները կատարվում են Փարչինի ռազմաբազայում, Թեհրանից 30 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ Թեհրանը մերժել էր ԱԷՄԳ-ի փորձագետների խնդրանքը` այցելել Փարչին:

ԱԷՄԳ-ի զեկույցում նշվում է, որ Իրանը նման արդյունքների է հասել ոչ առանց օտարերկրյա մասնագետների օգնության, որոնց թվում են Պակիստանի ատոմային ռումբի ստեղծող Աբդուլ Քադիր Խանը եւ նախկին խորհրդային գիտնական Վլաչեսլավ Դանիլենկոն:

Միաժամանակ Գործակալությանը մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ երբ զեկույցի տվյալներն սկսեցին հայտնվել մամուլում, միջուկային ոլորտում Իրանի հետ համագործակցող Ռուսաստանն ու Չինաստանը սկսեցին ճնշում գործադրել, որ զեկույցի բովանդակությունը մեղմացվի, իսկ պատժամիջոցները` հետաձգվեն:

Վաշինգթոնն ու Արեւմուտքը չեն թաքցնում, որ ցանկանում են խստացնել Իրանի հանդեպ պատժամիջոցները: Վերլուծաբանները չեն բացառում, որ ԱԷՄԳ-ի զեկույցը կարող է հիմք ծառայել, որպեսզի Իսրայելը «կանխարգելիչ» հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը փորձում են կառավարության աջակցությունն ստանալ` Իրանին ռազմական հարված հասցնելու հարցում: Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Իսրայելի դեմ պատերազմին: