News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում վերջին շրջանում ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում։ Դրանք այն մասին են, որ Ֆիզկուլտինստիտուտի արդեն նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից աշխատանքից ազատվածներն այժմյան պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի հրամանով վերականգնվել են իրենց աշխատանքին։

NEWS.am-ի աղբյուրների համաձայն՝ Ֆիզկուլտինստիտուտի արդեն նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանն աշխատանքից ազատել է Արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտորին և Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանին։

Ֆիզկուլտինստիտուտի նախկին դեկանը, ներկա պրոռեկտորը և Իրավական ապահովման բաժնի ղեկավարը իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով հեռացվել են աշխատանքից, սակայն կարճ ժամանակ անց առանց դատարանի որոշման կամ այլ իրավական հիմքի վերականգնվել, իսկ Իրավական ապահովման բաժնի ղեկավարը ստացել է նաև հարկադիր պարապուրդ։ Ավելին, ըստ աղբյուրի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ պրոռեկտոր Նուշիկյանին հատկացվել է ֆինանսական վարձատրություն այն օրերի համար, երբ նա այլևս բուհի աշխատակից չէր համարվում։

Ըստ աղբյուրի՝ նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը 2023 թվականի տարեվերջին աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հիմքով բուհի Արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանի և այն ժամանակ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հեռացնելով նրանց աշխատանքից։

Նույն ընթացքում բուհի Իրավական ապահովման բաժնի մասնագետի հաստիքում փորձաշրջան անցնող մասնագետը չի ընդունվել աշխատանքի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով։ Սակայն Դավիթ Խիթարյանին անվստահություն հայտնելուց հետո Ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը՝ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ վերոհիշյալ, աշխատանքից աշխատանքային պարտականությունները չկատարելու համար հեռացված դեկանին՝ Տիգրան Սիմոնյանին, նշանակել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը մի քանի օրերի ընթացքում աշխատանքի է վերականգնել պրոռեկտորին։ Իսկ Իրավական ապահովման բաժնի մասնագետի հաստիքում անհաջող փորձաշրջան անցած մասնագետը (վերջինս աշխատանքի չի հաճախել և չի կատարել աշխատանքային պարտականությունները), շրջանցելով բուհում ընդունված թափուր հաստիքների համալրման մրցութային կարգը նշանակվել է բաժնի ղեկավար։ Բացի աշխատանքին վերականգնվելը կամ կարելի է ասել՝ պաշտոնեական առաջխաղացումը՝ այդ անձինք նորանշանակ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ստացել են նաև ֆինանսական հատուցումներ։ Բացի այդ՝ ֆինանսական վարձատվություն է տրվել առանց օրինական ուժի մեջ մտած դատական ակտի։

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտն ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան, և եթե դատարանը պարզում է, որ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են:

Նկատենք, որ միայն այս դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։ Այսպիսով, հարց է առաջանում․ ինչպե՞ս է ստացվում, որ աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու հետևանքով աշխատանքից ազատված մարդիկ առանց դատարանի որոշման և առանց իրավական որևէ հիմքի վերականգնվում են իրենց աշխատավայրում և վճարվում այն օրերի համար, երբ չեն աշխատել։ Բացի դրանից՝ ինչպե՞ս է ստացվել, որ որպես բաժնի մասնագետ աշխատանքի ընդունված ու փորձաշրջանը ձախողած անձը մեկ օրվա ընթացքում վերականգնվում է ու ունենում պաշտոնի առաջխաղացում։

NEWS.am-ին տեղեկացրին, որ խնդիրը ներկայացվել է նաև ԿԳՄՍ Նախարարին, սակայն մինչև այժմ չկա արձագանք կայացված որոշումների առնչությամբ։

NEWS.am-ին Կարեն Գիլոյանը նշեց, որ եթե անձինք համաձայն չեն ռեկտորի ժՊ-ի կայացրած որոշման հետ, ապա կարող են դիմել դատարան․

«Դատարանը կորոշի՝ ով է ճիշտ, ով՝ ոչ։ Այստեղ հովանավորչության մասին խոսք լինել չի կարող։ Սրանք աշխատանքային հարցեր են, որոնցով զբաղվում է ռեկտորը։ Հոգաբարձուների խորհրդի գործառույթները միանգամայն այլ դաշտում են։ Եղել է մի պահ, որ ինտիտուտում իրավիճակն անկառավարելի էր, մենք որոշակի հարցերով ուղղորդում ենք արել, որպեսզի ճգնաժամից դուրս բերենք ինտիտուտը։ Այժմ կա ժամանակավոր պաշտոնակատար, խոսքը Տիգրան Սիմոնյանի մասին է։ Երբ Հոգաբարձուների խորհուրդը կընտրի հիմնական ռեկտոր, այդ հարցերի պատասխանն արդեն ռեկտորի հետ կքննարկենք։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հոգաբարձուների խորհուրդը որևէ հովանավորչություն չի իրականացնում։ Մենք նույն կերպ աշխատել ենք նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի հետ, չենք միջամտել իր աշխատանքին, նույն քաղաքականությամ էլ այժմ ենք առաջնորդվում»։

Մեզ հետ զրույցում ռեկտորի ԺՊ Տիգրան Սիմոնյանն ասաց, որ Խիթարյանի կողմից աշխատակիցներին աշխատանքից ազատելու որոշումները Հոգաբարձուների խորհուրդը համարել է անօրինական․ «Ինձ էլ էին նույն կերպ ազատել աշխատանքից, սակայն ես դիմեցի Հոգաբարձուների խորհուրդ, վերջինս թե՛ իմ, թե՛ Գուրգեն Ավագյանին աշխատանքից ազատելը անօրինական համարեց։ Առաջարկվել էր այդ շրջանում ռեկտորին՝ վերանայել որոշումը, ինչը, սակայն, մերժվել էր։ Ես նշանակվել եմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ ինչը վերաբերում է Նուշիկյանին, ապա նրան առանց պատճառաբանության  էին հեռացրել աշխատանքից, իսկ ես ընդամենը չեղարկել եմ այդ հրամանը»։

Անդրադառնալով Նուշիկյանին ֆինանսական վարձատրություն տրամադրելուն այն շրջանում, երբ նա այլևս բուհի աշխատակից չէր համարվում, Սիմոնյանը հերքեց այն․ «Ոչ, դա սուտ տեղեկություն է, նա ոչ մի ֆինանսական վարձատրություն չի ստացել»։

Հեղինակ՝ Արմինե Գեւորգյան

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ