News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Համաձայն 2024 թվականի մարտի 6-ին ստացված պաշտոնական նամակի ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովը (WASC Senior College and University Commission (WSCUC)) որոշել է վերահաստատել Հայաստանի ամերիկյանի համալսարանի (ՀԱՀ) հավատարմագրումը։ Հավատարմագրումը տրամադրվել է 10 տարի ժամկետով՝ մինչև 2034 թվականը, որն առավելագույն ժամկետն է, որ տրվում է ԲՈՒՀ-երին։

Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը փաստում է Համալսարանի կարողությունը՝ հետևողականորեն պահպանելու միջազգային չափանիշները կրթության ոլորտում՝ դասվելով ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում, ինչպիսիք են՝ Սթենֆորդի համալսարանը, Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը և Հարավային Կալիֆորնիայի համալսարանը։ Ներկայումս ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։

Հանձնաժողովն իր որոշումը կայացրել է շուրջ երկու տարվա ընթացում ՀԱՀ-ի կողմից կազմված զեկույցի, ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի փորձագետների ՀԱՀ կատարած այցի և նրանց զեկույցի հիման վրա, ինչպես նաև ՀԱՀ նախագահ դր․ Բրյուս Պողոսյանի, Հոգաբարձուների խորհրդի նախագահ դր. Լոուրենս Փիթսի, Պատվավոր նախագահ դր․ Արմեն Տեր Կյուրեղյանի և Ընդհանուր կրթության դեկան դր. Շարիստան Մելքոնյանի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպումից հետո։

Այս 10 տարվա վերահավատարմագրումը փաստում է ՀԱՀ-ի արդյունավետ գործունեությունը. Համալսարանն աշխատանքի է ընդունում բարձրակարգ, միջազգային որակավորում ունեցող դասախոսների, պարբերաբար անցկացնում է ծրագրերի վերանայում, գործում է որպես ուսանողակենտրոն հաստատություն՝ համապատասխան տարածքներով, շենքային պայմաններով ու հագեցվածությամբ: ՀԱՀ-ը երախտապարտ է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Արտասահմանում ամերիկյան դպրոցներ և հիվանդանոցներ»(ASHA) ծրագրին համալսարանի շենքերի վերանորոգմանն ու բարելավմանն ուղղված շարունակական աջակցության համար:

Հավատարմագրման կոմիտեի կողմից ստացված գնահատանքի խոսքերի շարքում առանձնահատուկ ընդգծվել է համալսարանի ֆինանսական կայունությանը, որը հնարավոր է դարձել Սփյուռքի` երկար տարիների առատաձեռն օգնության շնորհիվ։ Վերջինս ՀԱՀ-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից Համալսարանի կողքին է եղել՝ աջակցություն ցուցաբերելով թե ակադեմիական, և թե ֆինանսական հարցերով։ Այդ առումով, ԴԲԱԸ-ն առանձնահատուկ նշել է այն փաստը որ ՀԱՀ-ն առաջարկում է մեծապես սուբսիդավորվող ուսման վարձ, իսկ ուսանողների շուրջ կեսը ստանում է որոշակի ֆինանսական աջակցություն։

«ՀԱՀ հոգաբարձուների խորհուրդն ուրախ և հպարտ է ԱՄՆ հավատարմագրող գործակալության՝ ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից 10 տարվա հավատարմագրում ստանալու կապակցությամբ», - նշեց ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դր․ Լոուրենս Փիթսը։ «Դեկան դր․ Շարիստան Մելքոնյանը և հավատարմագրման իր թիմը կատարել են ծավալուն և հիանալի աշխատանք հայտերը պատրաստելու և այցելող ԴԲԱԸ թիմին հյուրընկալելու գործում, որն էլ շնորհեց Համալսարանին իրենց առավելագույն վերահավատարմագրման ժամկետը՝ դասելով ՀԱՀ-ը ամերիկյան ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում։ Շնորհավորանքներս եմ հղում բոլոր նրանց, ովքեր օգնեցին ՀԱՀ-ին հասնելու այս նշանակալից հանգրվանին»։

Սույն թվականի մարտի 13-ին ՀԱՀ-ը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հայտարարելու հավատարմագրման վերահաստումը։

«Հավատարմագրման վերահաստատումը անհնար կլիներ առանց ՀԱՀ ուսանողների, աշխատակազմի և դասախոսների նվիրվածության և աշխատասիրության։ Նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին թե՛ աշխատանքային խմբերում, թե՛ համալսարանական քննարկումների ժամանակ»,- նշեց դր․ Պողոսյանը։ «Խորապես շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր նպաստեցին այս գործի հաջողությանը, և առանձնահատուկ շնորհակաություն դր․ Մելքոնյանին՝ Հավատարմագրման կոմիտեի ղեկավարությունը ստանձնելու համար: Համալսարանական կյանքում մեր համայնքի ակտիվ մասնակցության և նվիրվածության շնորհիվ է, որ մենք կարողացանք հասնել մեր Համալսարանի պատմության մեջ այս կարևորագույն կետին»:

Իր հերթին, դր. Մելքոնյանն անդրադարձավ հավատարմագրման դիմելու համար  մեծածավալ հայտադիմումի և վերանայման գործընթացին, և այս ձեռքբերման նշանակությանը, որն այնքան կարևոր է համալսարանի համար․ Ամերիկյան հավատարմագրում ստանալը ազդակ է պոտենցիալ ուսանողներին և նրանց ընտանիքներին առ այն, որ ՀԱՀ-ի տված կրթության համար արժե ներդնել իրենց ժամանակն ու ջանքը։ Սա նաև ազդակ է պոտենցիալ և գործող դասախոսներին, որ ՀԱՀ-ը այն հաստատությունն է, որտեղ արժի կիսել իրենց փորձառությունն ու ժամանակը: Եվ դա նշան է գործատուներին, որ ՀԱՀ շրջանավարտները պատրաստ են ընդունելու տեղական, տարածաշրջանային և գլոբալ փոփոխվող միջավայրի մարտահրավերները»:

ՀԱՀ-ը նաև հավատարմագրված է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից, որը ճանաչում է այն բարձր չափանիշները, որոնք պահանջում է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովը: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի հկրթական էկոհամակարգի վրա ՀԱՀ-ի ազդեցության համար. «ՀԱՀ-ը շարունակական կատարելագործման մշակույթի խորհրդանիշ է: ՀԱՀ-ն ունի որակի ներքին ապահովման ֆանտաստիկ համակարգ, որը շարունակաբար բարելավում է ուսանողներին մատուցվող ծառայությունները և նրանց կրթության որակը»:

Տպել
Ամենաշատ