News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Վերջին շրջանում պաշտոնյաների շուրթերից հնչել են ոչ կոռեկտ հայտարարություններ առ այն, որ Ակադեմիայի դիրքորոշումը հակասում է պետական դիրքորոշմանը, թեեւ պետությունն ինքը դեռ վերջնական որոշում չունի։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանն ու այդ հայտարարություններն  անընդունելի համարել։ 

«Մեր պաշտոնական հայտարարություններում մենք ասել ենք, որ եթե բուհերի և ինստիտուտների միավորման վերաբերյալ որոշումը կայացվի, բնականաբար մենք պետք է այն կատարենք։ Պետական որեւէ որոշման դեմ գնալու որևէ միտում անգամ չկա։ Կոռեկտ կլիներ ասել, որ այս պահին ընթանում են քննարկումներ։ Անշուշտ, գոյություն ունեն տեսակետներ, և դրանք կարող են լինել տարբեր։ Եվ դեռ պարզ չէ, թե ի վերջո որ տեսակետն է դրվելու կայացվելիք որոշման հիմքում», – ասել է նա։

Ակադեմիկոս-քարտուղարը նշել է, որ ԳԱԱ–ն մշակել և Կառավարություն է ներկայացրել բարեփոխումների լայն փաթեթ, որը ենթադրում է քայլեր տարբեր ուղղություններով։ Օրինակ՝ Ակադեմիայի իսկական և թղթակից անդամների էական երիտասարդացում, կառուցվածքի և գործառույթների փոփոխություն, ինստիտուտների միավորում և այլն։ Ըստ գիտնականի՝ խոսքը լայնածավալ փոփոխությունների փաթեթի մասին է, որը շուտով կներկայացվի հանրությանը։ «Ցավոք սրտի, Ակադեմիայի բոլոր առաջարկները գործադիրը թողել է անպատասխան», – նշել է Արթուր Իշխանյանը։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը հիշեցրել է, որ անցյալ տարի փետրվարի 2–ին  տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ակադեմիական ինստիտուտների տնօրենների հանդիպում, որի ընթացքում դժգոհություններ հնչեցին, և դրանց հիմնական դրույթը մասնակցայնության զրո աստիճանն էր։ «Նախարարը խոստացավ, որ առանց քննարկումների ոչ մի որոշում չի կայացվելու, բայց որևէ քննարկում ընդհանրապես չեղավ», –նշել է Իշխանյանը։

Ըստ գիտնականի՝  սա շատ արատավոր պրակտիկա է, քանի որ այնպիսի լայնածավալ մոդելային փոփոխությունը, որն այսօր ենթադրում է ոլորտի լիազոր մարմնի առաջ քաշած տարբերակը՝ ակադեմիական քաղաքում միավորելու բոլոր բուհերն ու ակադեմիական գիտահետազոտական կազմակերպությունները, ակադեմիական համակարգից անցումը համալսարանականի՝ կարող է հաջողության հասնել միայն լայնածավալ հանրային կոնսենսուսի պարագայում։

«Բայց մենք արձանագրում ենք այդ կոնսենսուսի իսպառ բացակայությունը», – շեշտել է նա, հավելելով, որ Ակադեմիան առաջարկություններ է ներկայացրել ոչ միայն ակադեմիական քաղաքի հայեցակարգի, այլ նաև մի շարք այլ նորմատիվ ակտերի վերաբերյալ, բայց ոչ մի առաջարկ գործադիրը հաշվի չի առել։

Հարցին, թե որն է, ըստ նրա, Կառավարության նման գործելակերպի նպատակը, Արթուր Իշխանյանը պատասխանել է, որ դրա վերաբերյալ կարող է միայն ենթադրություններ անել։ «Ենթադրություններից առավել անմեղն այն է, որ պարզապես կա պրոֆեսիոնալիզմի արտահայտված պակաս։ Մեկ այլ ենթադրությունն է այն, որ իշխանական ոլորտում կան  անձինք, որոնք ունեն բարդույթներ, և այդ բարդույթների հաղթահարումն իրականացնում են նմանատիպ գործելաոճով», – ամփոփել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը։

Տպել
Ամենաշատ