News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ինչ-որ մի փուլում միջազգային հանրությունը հասկացել է հետևյալը, որ մեզ պետք են միջազգային կանոններ, որպեսզի աշխարհում անընդհատ պատերազմներ չլինեն, որպեսզի երաշխավորված լինեն բոլոր երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող ելույթի շրջանակում ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ապա հավելեց, որ այս կանոնը առաջին հերթին ձեռնտու է այն երկրներին, որոնք չունեն ագրեսիվ նպատակներ, որոնք ուզում են խաղաղություն, տնտեսական բարգավաճում, և որոնք ռազմական տեսանկյունից զիջում են ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրներին:

«Հիմա մեզ հարց տանք, եթե կա պայմանական երկու երկիր՝ X-ը և Y-ը, եթե X-ը ուզում է հարձակվել Y-ի վրա, կամ X-ը ունի նկրտումներ Y-ի տարածքների վերաբերյալ, ո՞ւմ է ձեռնտու հետևյալ արտահայտությունը՝ «X-ի և Y-ի միջև չկա որոշված սահման»: Բնականաբար՝ X-ին, որովհետև X-ն է ուզում լղոզվածություն տեսնել սահմանների վերաբերյալ, որովհետև հետագայում երբ հարձակվի, ասի՝ ես չեմ հարձակվել, որովհետև սահման չկա:

Հիմա վերադառնանք տարածաշրջան: Ինչո՞ւ է Ադրբեջանը խուսափում աներկբայորեն վերահաստատել Ալմա-Աթայի հռչակագրին իր հավատարմությունը: Կամ, օրինակ, երբ մեր դաշնակիցները փաստաթղթավորված պարտավորություն ունեն՝ աջակցելու Հայաստանին, երբ նրա տարածքները ենթարկվում են հարձակման, այդ դաշնակիցները ինչո՞ւ են խուսափում հստակ ֆիքսել, որ կա Հայաստան-Ադրբեջան սահման, ինչո՞ւ են հղումներ կատարում սահմանի չդեմարկացվածությանը և այլն:

Եթե Ադրբեջանն ունի պատճառներ՝ աներկբայորեն չհաստատելու Ալմա-Աթայի հռչակագիրը, կարո՞ղ ենք արդյոք սրանից եզրակացություն անել, որ Հայաստանը նույնպես ունի պատճառներ՝ անելու հակառակը՝ աներկբայորեն հաստատելու Ալմա-Աթայի հռչակագրին իր հավատարմությունը և անելու ամեն ինչ, որպեսզի ֆիքսած լինի, որ կա Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահման, ընդ որում՝ սահման, որը կարիք չկա նորից գծելու, քանի որ ՀՀ-ն անկախացել է նախկին ՀԽՍՀ սահմաններով»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ Ռուբինյանը հայտարարեց. «Ունենք բազմաթիվ մարտահրավերներ, բայց չկասկածեք րոպե անգամ, որ Հայաստանին սպասվում է բարեկեցիկ, անվտանգ ապագա: Եվ գուցե այն թեմաները, որ մենք այստեղ քննարկում ենք, ոչ թե գուցե, հաստատ, ամենահաճելին չեն, և ամենաշատը չեն հանգստություն բերում, բայց դուք պետք է իմանաք, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ և կանի ամեն ինչ, որպեսզի մենք երաշխավորենք մեր իրական հայրենիքում մեր անվտանգ կյանքն ու բարեկեցիկ կյանքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ