Իշխանությունը խոսում է խորհրդային սահմանների մասին, բայց Ադրբեջանը ընդունո՞ւմ է այդ սահմանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Բա որ ընդունում է, ինչո՞ւ է կրակում: Կամ դուք ծանո՞թ եք Ադրբեջանի Սահմանադրությանը, իրենց անկախության փաստաթղթերին: Այնտեղ գրված է խորհրային սահմա՞ն: Հակառակը, Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ պայմանագրերից: Ալիեւն ասաց՝ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, երբ պետք էր իրեն Արցախը զավթելու, նվաճելու համար: Հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը: Ալմա-Աթայի փաստաթուղթը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքը այն արձանագրությունն է, որը Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993-ի սեպտեմբերի 24-ից: Այդ րձնագրության երկրորդ մասում հստակ ասված է, որ երկրների համար այս համաձայնագրի կետերը կողմերի համար ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից: Ըստ այդմ, եթե Նիկոլ Փաշինյանն Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմքը, եւ դա հիմք ընդունելով դու պետք է կատարես ճշգրտումներ»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվողն տարածքները նրանք են, որոնք 1993-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ այդ տարածքներում գործել է ՀՀ օրենքը, եւ երկրորդ, բոլոր այն տիտղոսները՝ Արծվաշենի, Հայաստանի բռնազավթված այն տարածքների նկատմամբ, որոնք խորհրդային ժամանակահատվածում պատկանել են Հայաստանին»: