News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն (ինչպես իրականացնել անձի նույնականացում), համակարգից օգտվելու համար պետք է այցելեն ՊԵԿ պաշտոնական www.src.am կայքէջ, «Ֆիզիկական անձ» բաժնից մուտք գործեն «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժին և սեղմեն հղումը։ Համակարգը եռալեզու է և հնարավոր է մուտք գործել մի քանի տարբերակով՝ «Ես եմ» համակարգի միջոցով, եթե անձը ՀՀ քաղաքացի է, և հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) ու մուտքանուն-գաղտանաբառով։ Վերջին տարբերակով մուտք են գործում բացառապես օտարեկրյա քաղաքացիները, որոնք պետք է ներկայացնեն եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։ Այսպես, «Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, ապա սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակին։ Այնուհետև պետք է ընտրել նույնականացման տեսակը՝ մուտք գործել բջջային նույնականացման տարբերակով կամ նույնականացման քարտով:

Բջջային նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայություն։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որից հետո անհրաժեշտ է հավաքել PIN կոդը։

Նույնականացման քարտով մուտք գործելու համար անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել կարդացող սարքի մեջ և սպասել մինչև ծրագիրը կհայտնի հավաստագրերը ընթերցելու մասին։ Ապա պետք է սեղմել «Մուտք» կոճակը և ծրագրի պատուհանում մուտքագրել նույնականացման քարտի PIN կոդը, որից հետո մուտք եք գործում համակարգի գլխավոր էջում։

Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ

Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի գլխավոր էջում հասանելի են «Անձնական էջ», «Հայտարարագրեր», «Եկամուտներ» և «Սոցիալական ծախսեր» բաժինները։ Եթե մուտք եք գործել «Ես եմ» համակարգի միջոցով և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), մուտք գործելով անձնական էջ, կարող եք անմիջապես ձեռք բերել այն՝ սեղմելով ստանալ ՀՎՀՀ կոճակը։ Բացված պատուհանում պետք է լրացնել պահանջվող տվյալները, սեղմել «Գրանցել» կոճակը, ապա ընտրել էլեկտրոնային ստորագրության տեսակը և ստորագրելուց հետո կցել ստորագրված դիմումն ու հանձնել ՊԵԿ։ Որից հետո անմիջապես ստանում եք ՀՎՀՀ-ն։ Անհրաժեշտ է հիշել, որ այս տարբերակը գործում է միայն ՀՀ քաղաքացիների համար։

Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին, ապա ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը։ Այս էջում կարող եք տեսնել հայտարարագրի լրացման կարգը։

Առաջին քայլով անհրաժեշտ է ընտրել այն տարեթիվը, որի համար պետք է լրացվի հայտարարագիրը, ապա նշել հայտարարատու հանդիսանալու հիմքը։ Եթե քաղաքացին հանդիսանում է հայտարարատու մի քանի հիմքով, ապա, միաժամանակ, պետք է ընտրել համապատասխան կետերը։ Այն դեպքում, երբ քաղաքացին հայտարարատու չէ, սակայն ունի, օրինակ, վարձակալությամբ հանձնած անշարժ գույք և պետք է ներկայացնի եկամտային հարկի հաշվարկ, ապա անհրաժեշտ է նշել «Չեմ հանդիսանում հայտարարատու» կետը։ Հայտարարագիրը բաղկացած է վեց բաժիններից։

Բաժին 1

Առաջին  բաժնում հարկային գործակալից, այսինքն գործատուից ստացված եկամուտներն են, որոնք ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա լրացվում են ինքնաշխատ։ Եթե հայտարարատուն համաձայն չէ նախալրացված տեղեկատվության հետ, ապա կարող է սեղմել «Համաձայն չեմ տեղեկատվության հետ» կոճակը։ Տեղեկատվությունը փոխելու դեպքում համակարգը հիշեցնում է, որ փոփոխությունը կրում է տեղեկատվական բնույթ և լրացուցիչ հարկային պարտավորություն չի առաջացնում հայտարարատուի համար։ Եթե կան այլ գործատուներ, որոնք նշված չեն համակարգում, ապա մուտքագրելով գործատուի ՀՎՀՀ-ն կամ անվանումը` ավելացնում եք նոր հարկային գործակալ և լրացնում պահանջվող տեղեկատվությունը։ Համակարգը հնարավորություն  է տալիս լրացված տեղեկատվությունը խմբագրել կամ ջնջել։ Այս սկզբունքը գործում է  առաջին բաժնի դեպքում։

Իսկ առաջին բաժնի երկրորդ գլխում ներառվում են ֆիզիկական անձի ստացված այլ եկամուտները՝ ըստ հարկային գործակալների՝ ռոյալթի, տոկոս, վարձավճար և այլն։ Այստեղ ևս տվյալները լրացվում են ինքնաշխատ, բացառությամբ՝ ավանդի և պարտքային արժեթղթերի տոկոսներ տողերի, որոնք լրացնելու համար անհրաժեշտ է ավելացնել նոր հարկային գործակալ՝ մուտքագրելով ֆինանսական կազմակերպության անվանումը և եկամտի տեսակը։ Որից հետո ավանդի տոկոս ակտիվացած տողում «Ստացված եկամուտ» դաշտում պետք է լրացնել ստացված չհարկված եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը հաշվարկում է ինքնաշխատ։ Պարտքային արժեթղթեր տոկոսի վերաբերյալ տեղեկատվությունը ևս անհրաժեշտ է լրացնել ինքնուրույն, այդ թվում՝ եկամտային հարկի չափը։ Հիշեցնենք, որ ստացված տոկոսների վերաբերյալ տեղեկատվությունը հայտարարարատուն կարող է վերցնել բանկից։

Բաժին 2

Հայտարարագրի երկրորդ բաժնում լրացվում են ֆիզիկական անձի ստացած նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտները, որոնք հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։ Օրինակ, եթե դուք ունեք վարկ կամ փոխառություն, որը փաստացի ստացել եք 2023 թվականին, ապա այդ գումարի վերաբերյալ տվյալները ևս պետք է լրացնել։ Ի դեպ, այն նվազեցվող եկամուտները, որոնք ներառված չեն այս բաժնի ցանկում, դրանք պետք է ներառել «Այլ եկամուտներ» դաշտում։

Բաժին 3

Երրորդ բաժինը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին, որոնք ևս լրացնում է ֆիզիկական անձը. այս բաժնում լրացված տվյալներն առաջացնում են հարկային պարտավորություն։ Օրինակ, եթե քաղաքացին 2023 թվականի ընթացքում իր անշարժ գույքը հանձնել է վարձակալության, ապա «Վարձավճար» դաշտում պետք է լրացնի  տարվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։

Բաժին 4

Չորրորդ բաժնում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքանաշխատ։ Եթե հայտարարատուի հանրային ծառայության համարանիշով որպես սոցիալական ծախս կատարող դուրս գրված է հարկային հաշիվ կամ հաշիվ վավերագիր, ապա այդ տեղեկավությունը ևս համակարգը կարտացոլի ավտոմատ։ Համակարգը մի հատվածում ցույց է տալիս, թե հայտարարատուն որքան է սոցիալական ծախս կատարել, իսկ մյուսում՝ փոխհատուցման չափը։

Բաժին 5

Հինգերորդ բաժնում ինքնաշխատ լրացվում է պետական բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը։  Ինքնաշխատ լրացվում են նաև փոխհատուցված գումարները, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների գծով, ուսման վարձի, սոցիալական ծախսի փոխհատուցման ենթակա վերադարձված գումարները և այլն։

Բաժին 6

Վեցերորդ բաժինը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որը քաղաքացին լրացնում է կամավոր, և այն առաջացնում է պարտավորություն։

Ինչպե՞ս ստորագրել և հանձնել հայտարարագիրը

Երբ արդեն ամբողջությամբ լրացված է տարեկան հայտարարագիրը, անհրաժեշտ է սեղմել գրանցել կոճակը, և այն հայտնվում է «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Ապա պետք է սեղմել ստորագրել կոճակը և ընտրել ստորագրության տեսակը՝ նույնականացման քարտ, բջջային ստորագրություն կամ CoSign, և էլեկտրոնային տարբերակով ստորագրել փաստաթուղթը (մանրամասները կարող եք գտնել www.ekeng.am կայքում)։   Վերջին քայլով՝ նույնականացման քարտով ստորագրելու դեպքում պետք է նորից բեռնել ստորագրված փաստաթուղթը համակարգ և սեղմել հանձնել ՊԵԿ կոճակը։ Իսկ բջջային ստորագրության դեպքում՝ ստորագրված փաստաթուղթը կցելու անհրաժեշտություն չկա։ Հավաստիանալու համար, որ հայտարարագիրը բարեհաջող ուղարկվել է ՊԵԿ, կարող եք «Հանձնված հայտարարագրեր» բաժնում սեղմել «Ստացական» կոճակը։ Եթե հայտարարագրի ներկայացման ընթացքում առաջանում են հարցեր, ապա կարող եք օգտվել առցանց օգնականից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքը փոքր-ինչ նվազել է
Նշենք, որ Հայաստանի երկու օդանավակայաններում…
Էփրիքոթ Կապիտալը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) գործընկերության համաձայնագրով ամրապնդում են կապերը
Այս համագործակցությունն արտացոլում է Հայաստանի կրթական համակարգի, ապագա մասնագետների պատրաստման մեջ ներդրում ունենալու մեր հանձնառությունը...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աննշան աճել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 24-ին, կազմել է…
Ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը, նշանակում է բարձրացնել դրա որակը. Փաշինյան
Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի...
Արգենտինան ՀՀ ներդրումային կարևոր գործընկերներից է՝ 5-րդը մեր տնտեսության մեջ ներդրումների ծավալով. Պապոյան
Նախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է...
«Կանայք գյուղատնտեսությունում». ՖԻՆՔԱ Հայաստանի՝ կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը
ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում...
Ամենաշատ