News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է դրանք իրականացնել առավելագույնը չորս մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական զարգացման կարիքից ելնելով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնագիտական զարգացման կարիքի գնահատումն իրականացվում է ուսուցչի և տնօրենի կողմից Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով: Ուսուցիչը կիրականացնի ինքնագնահատում, իսկ տնօրենը դասալսումների և ներդպրոցական վերահսկողության գործիքների միջոցով կորոշի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի աստիճանը: Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի մասնագիտական  զարգացման կարիքի գնահատումը:

Էլեկտրոնային հարթակում կձևավորվի ուսուցչի մասնագիտական կարիքի վերաբերյալ տեղեկանք, որով էլ ուսուցիչը կմասնակցի համապատասխան մոդուլով վերապատրաստմանը՝ յուրաքանչյուր մոդուլի համար նշելով համապատասխան մակարդակը: Կարգով կարևորվել է տնօրենի գնահատումը. այն կապվելու է տնօրենի ատեստավորման հետ՝ հաշվի առնելով, թե աշխատանքային գործունեության ընթացքում իր գնահատած՝ ուսուցչի մասնագիտական կարիքի համապատասխանությունը որքանով է արդարացված եղել և համապատասխանել է նաև վերապատրաստող կազմակերպության կողմից ուսուցչի մասնագիտական կարիքի ախտորոշիչ թեստավորման արդյունքի, ինչպես նաև վերապատրաստումից հետո ատեստավորված ուսուցիչների թվի հետ:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է գնահատվել նաև արտաքին դիտարկման արդյունքում՝ դասալսումների միջոցով, որը կարող է իրականացնել այդ իրավունքն ունեցող որևէ կառույց (ԿԶՆԱԿ, մենթոր դպրոցներ և այլն):

Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, իր մոտ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ կարող է հավաքել  ատեստավորման համապատասխան շրջափուլի ընթացքում:

Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլերի տևողությունը՝

1 տարի  է՝ մինչև 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար և իրականացվում է առաջին տարվա ընթացքում,

1 տարի  է՝ վերապատրաստման առաջին մակարդակի համար իրականացվող դասընթացների համար, եթե ուսուցիչը վերապատրաստվելու է բարդության տարբեր մակարդակի ծրագրերով և իրականացվում է 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում, իսկ մյուս մակարդակների համար՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամանակահատվածում,

3 տարի  է՝ վերապատրաստման երկրորդ բարդության մակարդակի դասընթացների համար և իրականացվում է առաջին երեք տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 4 դասընթացի,

5 տարի  է՝ վերապատրաստման երրորդ և չորրորդ բարդության մակարդակի դասընթացների համար՝ յուրաքանչյուր տարվա համար մասնակցելով առնվազն 2 դասընթացի։

Վերապատրաստումների չափորոշչի և ծրագրի հիման վրա վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի համար մշակվում է բարդության երեք մակարդակի դասընթաց, որոնք կարող են իրականացվել առկա, էլեկտրոնային, հեռավար և համակցված եղանակներով: Կախված ուսուցչի աշխատանքային փորձից՝ տարբերակված է նաև վերապատրաստման եղանակը: Սկսնակ ուսուցիչների համար այն կլինի առկա ձևաչափով, իսկ ավելի մեծ աշխատանքային փորձ ունեցող ուսուցիչների համար այն կարող է իրականացվել հեռավար կամ հիբրիդ ձևաչափով:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման հիման վրա ուսուցիչը յուրաքանչյուր մոդուլից մասնակցում է բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումների.

1) տարրական մակարդակի կարողունակությունը համապատասխանում է  առարկայական գիտելիքի իմացության կարիքին, որի համար ուսուցիչը մասնակցում է վերապատրաստմանը.

2) երկրորդ (ձեռնահասության) մակարդակի կարողունակություն ունեցող ուսուցիչը մասնակցում է երրորդ (տիրապետման) մակարդակի վերապատրաստմանը.

3) երրորդ (տիրապետման) և չորրորդ (փորձագիտական)  մակարդակների կարողունակություն ունեցող ուսուցիչները մասնակցում են չորրորդ (փորձագիտական) մակարդակի վերապատրաստմանը.

4) առաջին շրջափուլի արդյունքում չորրորդ (փորձագիտական) մակարդակին համապատասխանած ուսուցիչը հաջորդ շրջափուլում չի վերապատրաստվում, մասնագիտական զարգացումն ապահովվում է կրթական ծրագրի բովանդակությանը համապատասխան միջազգային գիտաժողովներին մասնակցության, զեկույցներով հանդես գալու կամ այլ հարթակներում մասնագիտական հոդվածներ հրապարակելու եղանակով՝ պետական միջոցներով կամ համաֆինանսավորմամբ:

Գործընթացը նկարագրված մեխանիզմով իրականացնելու համար վերանայվել են նաև՝ 

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը՝  https://tinyurl.com/4w3f77cr:

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի փոփոխությունը՝ https://tinyurl.com/42htj2th:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ