News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Ես նկատողություն չեմ տվել աշխատակցին, կեղծիք է տարածվում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ արձագանքելով հարցին, թե նկատողությո՞ւն է տվել իր աշխատակցին՝ «Ֆեյսբուք»-ում Հայկ Մարությանի գրառումը «լայքելու» համար:

Դիտարկմանը, որ հրապարակվել է դր վերաբերյալ գրությունը, Բեգոյանն ասաց. «Գոյություն ունի աշխատանքային օրենսգիրք եւ երբ աշխատակիցը  ինչ-որ բան է կատարում, նույնիսկ ուշանում է աշխատանքից, ապա պետք է աշխատակցից գրությամբ բացատրություն պահանջես  ուշանալու համար, եւ այդ գրության մեջ պետք է նշես, որ կախված իր պատասխանից հնարավոր է՝ լինեն  կարգապահական տույժեր, ինչն էլ արվել է»,-ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ է արել այդ աշխատակիցը, նա պատասխանեց. «Մանիպուլացվում է «Ազգային առաջընթաց»-ի՝ այժմյան ղեկավարի կողմից: Աշխատակիցն ասում է, որ ես քաղաքական հայտարարության տակ լայք եմ դրել, բայց դա այդպես չէ, դա քաղաքական հայտարարություն չէ: Իմ ուշադրությունը հրավիրել են իր կոլեգաները՝ Թափոնների վերամշակման վարչության աշխատակիցները, մոտեցել են և ասել, որ կա խնդիր, ցույց են տվել սոցիալական ցանցերում իրենց կոլեգայի արածը՝ դրանք գնահատելով վիրավորական: Իրար նույնիսկ չեն բարևում, որովհետև տվյալ աշխատակիցը, հավանության արժանացնելով, օրինակ, Հայկ Մարությանի գրառումը, փաստացի իր կոլեգաներին համարում է խուլիգան:

Որպեսզի վիճաբանություն չառաջանա, ես աշխտակիցներին խիստ հրահանգել եմ որևիցե հարաբերություն չպարզել իրենց այդ կոլեգայի հետ և ասել, որ կկիրառեմ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան գործառույթներ, ինչն էլ որ արել եմ»,- ասաց Բեգոյանը:

Վերջինիս խոսքով՝ քաղաքական գրառումներին լայքելը յուրաքանչյուր մարդու գործն է. «Ինքը միշտ էլ լայքել է քաղաքական հայտարարությունների տակ, դա իր գործն է: Բայց «Ազգային առաջընթացից» ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը իր էջում տեղադրել է իմ նկարը և գրել՝ «այս ստահակը»: Որտե՞ղ եք տեսել մի հիմնարկի աշխատակից, որը հավանության է առաջացնում իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը: Այնուհետև Հայկ Մարությանը Թումանյան փողոցում տեղի ունեցած հանրահայտ դեպքերի ժամանակ՝ քաշքշուկի, տեղադրում է իր էջում տեսանյութը՝ գրելով՝ «Կանաչապատման խուլիգանները»: Ու այդ աշխատակիցը հավանության է արժանացնում Մարությանի այդ գրառումը: Հետևապես մեր աշխատակիցը բացառապես սուտ է խոսում, խոսքը չի վերաբերում քաղաքական հայտարարությանը հավանելուն, խոսքը վերաբերում է կազմակերպության ղեկավար կազմին և իր կոլեգաներին վիրավորական բոլոր արտահայտությունների տակ հավանություն դնելուն»:

Նա հավելեց, որ կիր գրությանը այդ աշխատակիցը պատասխանել է. Հիմա ես պետք է այդ պատասխանն ուսումնասիրեմ եւ ըստ այդմ որոշում կայացնեմ: Կկիրառեմ կարգապահական տույժ՝ նկատողությունը, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել»:

Բեգոյանի խոսքով՝ այդ աշխատակցի հարազատ եղբայրը աշխատում է իր ղեկավարած կազմակերպությունում և համարվում է բավականին լավ աշխատակից. «Այնպես որ, եթե խնդիր կա, ապա ինչո՞ւ իր եղբայրը մշտապես արժանանում է գովեստի, ինքը՝ հակառակը, ստեղ ձերոնքականի ու մերոնքականի բան չկա»:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, համաձայն որի՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ վերջինը հավանություն է տվել իր ֆեյսբուքյան գրառմանը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսևորել» կազմակերպության հանդեպ։

«Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։ Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար», - գրել էր նա։

Տպել
Ամենաշատ