News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից․ այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից կատարված խոշտանգման մասին նրա պաշտպանների ահազանգին։

«Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը.

  1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ կարգապահական քննություն սկսվի, դա որևէ կերպ չի նշանակում, թե քրեական վարույթ կարող է չնախաձեռնվել։ Քրեական նույն վարույթով պետք է ստուգվեն նաև քաղաքացուն տեսակցած ԱԺ պատգամավորների հաղորդումները։
  2. Փաստաբանների հաղորդումներն այն աստիճան մանրամասն են, որ ապահովում են առերևույթ հավաստիություն և իրավունքի ուժով ստեղծում դրանց բացառապես քրեական վարույթով պատասխանելու պետության պարտականություն։ Միջազգային կանոնը հստակ է. եթե պետությունը չի կարողանում քրեական վարույթով փաստարկված հերքել այդ տվյալները, ուրեմն արարքը համարվում է ապացուցված։
  3. Փաստաբանների հաղորդումները լիարժեք համապատասխանում են Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքին, որն իրականացվել է անձին ուժեղ ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառող արարքներով ինչ-որ դիմակավորված մարդկանց կողմից։ Այն ենթադրաբար տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ։
  4. Պետք է քննության առարկա դառնան թե՛ քաղաքացուն ուղեկցող Ոստիկանների արարքները, թե՛ այն դիմակավորված անձանց արարքները, որոնք, ինչպես փաստաբանների հաղորդումներն են վկայում, խոշտանգման են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այդ արարքների բացահայտումն ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը պարտադիր է նաև նման չափազանց վտանգավոր դրսևորումները հետագայում կանխելու ու իրավունքի գերակայություն այս հարցերում երաշխավորելու համար առհասարակ։
  5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։
  6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։

Մասնավորապես, պետք է պարզել արդյոք քաղաքական իշխանության տվյալ կամ այլ պաշտոնյա կապ ունի Սամվել Վարդանյանի խոշտանգումը կազմակերպելու հետ՝ դիմակավորված անձանց ներգրավման ու ուղեկցող ոստիկանների հովանավորությունը ստանալու ձևով։

Հաշվի առնելով փաստաբանների հաղորդմամբ ներկայացված խոշտանգման դեպքի բացառիկ բնույթը (ոստիկանների պատասխանատու վերահսկողության ներքո գտնվող քաղաքացու խոշտանգումը դիմակավորված անձանց կողմից)՝ մենք այս հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով ոչ միայն հրավիրել նրանց ուշադրությունը դեպքին, այլ նաև ապահովել նրանց վերահսկողությունը քրեական վարույթի նկատմամբ»,- նշել է Թաթոյանը։

Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ