News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Տավուշում Ադրբեջանի պահանջած 4 բնակավայրերի հատվածում սահմանազատումը սկսելու մասին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների՝ այսօր ձեռք բերած պայմանավորվածության մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շտապեցին մեկը մյուսի հետևից գրառումներ անել ու վստահեցնել, թե իրենց պնդմամբ ադրբեջանական այդ 4 բնակավայրերն Ադրբեջանին տալու և դրա դիմաց սահմանազատում սկսելու պայմանավորվածությունը նշանակալի առաջընթաց է։

«Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն կունենա սահմանազատված պետական սահման: Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը միտված վճռորոշ և լեգիտիմ գործոն: Այպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Առաջին անգամ կա գործնական հնարավորություն Հայաստանի և Ադրբեջանի միջև ունենալ սահմանազատված և սահմանագծված պետական սահման, որտեղ զինված ուժերի փոխարեն կտեղակայվեն սահմանապահներ»,- գրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գրել է, որ «սահմանազատման հանձնաժողովների այսօրվա պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի շուրջ համաձայնությունը, որը պետք է շարունակի մնալ պետական սահմանի սահմանազատման հետագա գործընթացում հիմնական քաղաքական պայմանը»:

«Այդ հատվածում գետնի վրա կվերարտադրվեն Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները, որտեղ պետական սահմանապահ հսկողություն կիրականացնեն երկու պետությունների սահմանապահ ծառայությունները։ Սա՝ ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը չունի սահման և ի հեճուկս բոլոր այն պնդումների, թե Հայաստանը պատրաստվում է զիջել իր սուվերեն տարածքից որևէ քառակուսի մետր։ Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման հետագա գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով․ մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր»,- գրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Խաղաղության գործընթացը երբեք հեշտ և պարզ չէ և հիմնականում բաղկացած է լինում այնպիսի որոշումների ընդունումից և դրանց իրագործումից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից»,- գրել է Առողջապահության նախկին նախարար, իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ու հավելել․ «Եթե այդ որոշումների նկատմամբ մեր վերաբերմունքը շարունակենք ձևավորել «հակամարտելու» տրամաբանությամբ, ապա այն միանշանակ բացասական է լինելու»։

Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ